7 պատճառ սննդակարգում սխտոր ներառելու համար

Սխտորը շատ տարածված մթերք է, որը լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ, ուստի մասնագետները հորդորում են հաճախ ուտեստները համեմել սխտորով, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այս մթերքն ու ինչպես է այն անդրադառնում օրգանիզմի վրա։ Food News պորտալը ներկայացրել է այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու յոթ պատճառ սննդակարգում սխտոր ներառելու համար։

Կարգավորում է զարկերակային ճնշումը Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի հյութահանուկն օգնում է արդյունավետ կերպով կարգավորել զարկերակային ճնշումը։ Կլինիակական հետազոտությունների համաձայն՝ սխտորը բարելավում է արյան ճնշումը զարկերակային գերճնշումով հիվանդների ավելի քան 80 տոկոսի մոտ։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը Գիտնականները պարզել են, որ պարբերաբար սխտոր օգտագործելը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն ու կանխում է զարկերակներում խոլեստերինի կուտակման հավանականությունը, ինչի շնորհիվ նվազում է նաև սրտի նոպայի, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային այլ հիվանդությունների զարգացման վտանգը։

Բարելավում է սրտամկանի առողջությունը Այս մթերքը ոչ միայն կարգավորում է խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը, այլև օգնում է թուլացնել լարված արյունատար անոթներն ու կանխել թրոմբների առաջացումը՝ դրանով իսկ բարելավելով սրտամկանի առողջությունը։

Նպաստում է մրսածության արագ ապաքինմանը Ժողովրդական բժշկության մեջ սխտորը հաճախ է կիրառվում շնչառությունը բարելավելու և շնչառական համակարգը վիրուսներից ու բակտերիաներից մաքրելու համար։ Մասնագետները կարծում են, որ նման մաքրող ազդեցությունը պայմանավորված է սխտորի իմունախթանիչ հատկություններով։

Պահպանում է ոսկորների առողջությունը Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը կարող է շատ օգտակար լինել կանանց համար դաշտանադադարից հետո, քանի որ բարձրացնում է էստրոգեն սեռական հորմոնի մակարդակը։ Այս հորմոնն իր հերթին շատ կարևոր բաղադրիչ է ոսկորների առողջության համար, քանի որ խթանում է ոսկրային բջիջների արտադրությունը։ Սա է պատճառը, որ արթրիտի և օստեոպորոզի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է անպայման սննդակարգում սխտոր ներառել։

Բարելավում է գլխուղեղի գործառույթները Ազատ ռադիկալների անկայուն մոլեկուլները կարող են դառնալ գլխուղեղում բորբոքումների զարգացման պատճառ, ինչն արագացնում է կոգնիտիվ գործառույթների տարիքային թուլացման գործընթացը, սակայն սխտորը պարունակում է S-ալիլցիստեին կոչվող հզոր հակաօքսիդանտ, որը ճնշում է բորբոքումներն ու պայքարում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման և գլխուղեղի հիվանդությունների զարգացման դեմ։

Բարելավում է մաշկի առողջությունը Հզոր հակաօքսիդանտային, հակաբակտերիալ ու հակասնկային հատկությունների շնորհիվ սխտորը ոչնչացնում է ախտածին միկրոօրգանիզմները, որոնք դառնում են բշտիկների ու մաշկային վարակների պատճառ՝ դրանով իսկ օգնելով պահպանել մաշկի առողջությունը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS