2018 թվականին փողոցային բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվեց իր կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» հոդվածում՝ անդրադառնալով հունիսի 14-ին Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության` «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանն ու դրա արդյունքում առաջացած բողոքի ալիքին:
Այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության կանչեց ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, որը քննադատում է վարչապետին «բոլոր ոլորտներում ձախողման համար», նրա հարյուրավոր աջակիցներ հավաքվեցին ԱԱԾ-ի պատուհանների տակ՝ բղավելով «Նիկո՛լ, հեռացի՛ր» կարգախոսը: Պարբերականը նշում է, որ ՀՀ իշխանությունների հունիսի 14-ի գործողությունները հանգեցրին նրան, որ Փաշինյանի իշխանության գալու պահից ի վեր առաջին անգամ մարդիկ փողոց դուրս եկան` պահանջելով նրա հրաժարականը:
Բացի այդ, կառավարության հրաժարականի և կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար բոլոր պատասխանատու անձանց պատասխանատվության կանչելու կոչ են արել նաև երկրի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը: Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ ինքը պարբերաբար հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ:
Ինքը` վարչապետ Փաշինյանը, վերջին շրջանում կոշտ քննադատության է ենթարկում իր քաղաքական հակառակորդներին` նրանց անվանելով «քաղաքական բացիլներ», հայտարարելով, որ նրանք «իրենց քաղաքական գերեզմանն են փորում», իսկ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո կհայտնվեն «Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցում», հիշեցնում է պարբերականը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ հարցաքննության էր կանչվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու և հարկերից խուսափելու գործերով: «Այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի»,-ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունից հետո հայտարարել է Ծառուկյանը: