Յոթ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել գլխապտույտը

Գլխապտույտը բավական լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով և կարող է շատ վտանգավոր լինել։ Շատերը կարծում են, թե գլխապտույտը սովորաբար ի հայտ է գալիս կտրուկ և շատ դեպքերում չի ունենում որևէ պատճառ, մինչդեռ իրականում այս տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական վտանգավոր հիվանդություններով, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը։

Medikforum.ru կայքը ներկայացրել է յոթ գործոն, որոնք կարող են դառնալ գլխապտույտի պատճառ։ Այդ գործոններն իմանալը թույլ կտա ժամանակին նկատել խնդիրն ու դիմել մասնագետին հետագա բարդություններից խուսափելու համար։

Բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո Այս հիվանդությունը զարգանում է ներքին ականջում կալցիումի կարբոնատի մասնիկների կուտակման հետևանքով։ Կալցիումի մասնիկները սխալ են ընկալում տեղեկությունը, ինչի հետևանքով մարմնի դիրքի և շարժումների վերաբերյալ գլխուղեղին սխալ տվյալներ են փոխանցվում։

Մենյերի հիվանդություն Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև Մենյերի հիվանդությունը։ Ներքին ականջի ախտահարումը չի ունենում որևէ պատճառ, սակայն ենթադրվում է, որ այն պայմանավորված է լինում լսողական անցուղիներում հեղուկի կուտակմամբ։ Հիվանդությունը զարգանում է առանց ակնհայտ պատճառների և շատ կտրուկ, ինչի հետևանքով կարող են նկատվել գլխապտույտ, ականջներում լսվող աղմուկ և լսողության կորուստ։

Անհանգստություն ու տագնապ Տագնապի և անհանգստության նոպաները հաճախ են ուղեկցվում գլխացավերով կամ գլխապտույտներով, սակայն այս ախտանշանը ոչ բոլորի մոտ է նկատվում։ Այնուամենայնիվ սթրեսի ժամանակ առաջացող տագնապը կարող է ուղեկցվել ոչ միայն գլխապտույտներով, այլև սրտխառնոցով ու ապակողմնորոշվածությամբ։

Լաբիրինթաբորբ Քիթըմպանի վարակներից կարող են զարգանալ ներքին ականջի բորբոքումներ։ Այս բարդությունը հատկապես հաճախ է հանդիպում վիրուսային հիվանդություններից, սուր վարակիչ վիրուսային հիվանդություններից կամ գրիպից հետո։ Բուժումն իրականացվում է հակավիրուսային դեղամիջոցներով, սակայն հիվանդությունը կարող է հանգեցնել ներքին ականջի որոշ անդառնալի վնասվածքներ, որոնց հետևանքով տարբեր ախտանշանները, այդ թվում նաև գլխապտույտը մշտական բնույթ կկրեն։

Ծովային հիվանդություն Գլխապտույտի պատճառ կարող են դառնալ նաև տրանսպորտային միջոցները։ Նման դեպքերում խանգարվում է անդաստակային (վեստիբուլյար) ապարատի աշխատանքը, ինչը հանգեցնում է այնպիսի ախտանշանների, ինչպիսին են սրտխառնոցն ու փսխումը։ Ընդ որում՝ հղիությունն էլ ավելի է բարձրացնում ինքնազգացողության վատթարացման հավանականությունը։ Որպես կանոն ախտանշանները մեղմվում են անմիջապես կայուն հողին կանգնելու դեպքում։

Զարկերակային ցածր ճնշում Զարկերակային ճնշման կտրուկ նվազումը կարող է դառնալ ինքնազգացողության վատթարացման ու նախաուշագնացային վիճակի պատճառ, ինչն էլ շատ հաճախ ուղեկցվում է գլխապտույտով։ Նման դեպքերում ճիշտ դեղորայքի ընդունումը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից։

Օրգանիզմում երկաթի ցածր մակարդակ Գլխացավի առաջացմանը նպաստող գործոններից մեկն անեմիան է (սակավարյունություն)։ Ընդ որում` օրգանիզմի հյուսվածքներին թթվածին մատակարարող հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում ի հայտ են գալիս նաև այլ ախտնշաններ, այդ թվում` հևոց, ցավեր կրծքավանդակի շրջանում և թուլություն։ Նման դեպքերում ինքնազգացողության բարելավման համար բավական կլինի սննդակարգում որոշ փոփոխություններ անել, սակայն շատ դեպքերում կարող է լինել թերապիայի անհրաժեշտության։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE