Կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով 12 մարդ է հոսպիտալացվել Թուրքիայում

Ներկայիս Թուրքիայի Կապադովկիայի շրջանում 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի 2 քաղաքացի է հոսպիտալացվել` կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը` հղում անելով Աքսարայի նահանգապետ Ալի Մանթըին:

«Հիվանդության ախտանշանները հայտնաբերվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ, ապահովության համար բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, որոնք նրա հետ կապի մեջ են եղել, ինչպես նաև գիդին և ավտոբուսի վարորդին»,- հայտարարել է Մանթըն: Հոսպիտալացված անձանցից վերցված անալիզներն ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչև անալիզների պատասխանների ստացվելը, զբոսաշրջիկները կգտնվեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որից 106-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ: Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է: Բացի այդ, այն նման է Չժեցզյան նահանգի Չժոուշան քաղաքում բնակվող չղջիկների օրգանիզմի կորոնավիրուսին: Ջերմությունը, հազը, շնչահեղձությունը համարվում են վարակի հիմնական ախտանշանները:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE