Ինչ է պատահել Լիլիթ Հովհաննիսյանին Բժիշկներն ասացին հնարավոր է անդարձ կորցնեմ ձայնս

Բժիշկներն ասացին, որ համերգը պիտի չեղարկվի․ նման տրավմայով երգելու դեպքում, հնարավոր է անդարձ կորցնեմ ձայնս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պատմում է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախորդ տարի Երևանում ունեցած մենահամերգին, և պատմել դրան նախորդած բարդ էտապի մասին։

«Երևանյան մենահամերգիցս առաջ ծանր մի էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել: Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս (հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի):

Դե իհարկե այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել: Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում, քան սովորաբար, և ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը (ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):

Անկեղծ ասած ճառագայթները և նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, և համերգից մի օր առաջ բժիշկներն ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ (իսկ իմ ծրագիրը տևում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:

Պիտի որոշում կայացնեի կամ լսել բժիշկներին, կամ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել։ Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ: Հ.Գ․ Համերգից հետո շատ արագ, հաշված օրերի ընթացքում վերականգնվեց ձայնս, քանի որ այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի: Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին․․․»,- գրել է նա։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE