Դերասանուհի Զառա Սահակյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել

Դերասանուհի Զառա Սահակյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել` վարսերը կտրելով և շեկ երանգը փոխարինելով կրակագույնի:
«Մինչև կորոնավիրուսի տարածումը, երբ Women’s Club-ի հետ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում հյուրախաղերի էինք մեկնել, երբեմն օրվա ընթացքում մի քանի սանրվածք էի փոխում, ինչից մազերս որակազրկվել էին:

Երբ վերադարձանք Հայաստան, բոլոր գեղեցկության սրահները փակ էին: Ինքս կտրեցի մազերիս վնասված հատվածները: Մազերս ինքնուրույն կտրելու առաջին փորձս չէր: Չեմ կարող ասել, որ տեխնիկապես տիրապետում եմ վարսահարդարությանը, բայց կարողանում եմ մի փոքր կտրել, մինչև հասնեմ մասնագետին»,- Tert.am Life -ի հետ զրույցում ասաց նա: Զառայի խոսքով` որոշել է մազերն այնպիսի գույնով ներկել, որ անընդհատ գունաթափելու խնդիր չունենա և որակազրկված մազերը հասցնեն վերականգնվել:

«Ավելի մուգ երանգ էի պատկերացնում, բայց քանի որ հետո բաց գույնի վերադառնալու համար գունաբացելու խնդիր կունենայի, ընտրեցի կրակագույնը,- ասաց նա ու հավելեց, որ ոճափոխությունը նաև հոգեբանական վիճակով էր պայմանավորված: -Ինձ մոտ երկուսը մեկում եղավ: Վերջին շրջանում անընդհատ բացասական լուրեր ենք լսում, վախի մթնոլորտում ենք ապրում, աշխատանքում չենք ինքնարտահայտվում. այս ամենը նույնպես նպաստեց ոճափոխությանս:

Հիմա մազերիս գույնից մեծ էներգիա եմ ստանում»: Ըստ դերասանուհու` որդին`Նոյը, սկզբում մտածել է, թե մայրիկը կեղծամով է. «Քանի որ ինձ տարբեր կերպարներում էր տեսել, այդպես մտածեց, հետո զարմացավ, բայց իրեն դուր եկավ նոր երանգը»: Զառան ընդգծեց, որ այս երանգի վարսեր մոտ 9 տարի առաջ էլ է ունեցել: Ըստ նրա, եթե ռիսկը հիմնավորված է, ոճափոխություններից չի վախենում. «Եթե մասնագետն ասում է, որ ինչ-որ բան ինձ կսազի, ուրեմն` ռիսկի կդիմեմ: Վերջին շրջանում դիմում եմ ինձ ծանոթ մասնագետներին, որպեսզի անհաջող փորձեր չլինեն: Եթե նույնիսկ դժգոհ մնամ, մտածում եմ` մազ է, կաճի»:

Մարիամ Խաչատրյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE