Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացման հիմնական պատճառներն ու միջոցներ որոնք կօգնեն կարգավորել այդ ցուցանիշն առանց դեղորայքի***

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև ժառանգական նախատրամադրվածությամբ, սակայն առավել հաճախ նման խնդրի զարգացման է հանգեցնում սխալ սննդակարգը: The Health Site-ը ներկայացրել է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացման հիմնական պատճառներն ու միջոցներ, որոնք կօգնեն կարգավորել այդ ցուցանիշն առանց դեղորայքի:

Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ սննդակարգով, այնպես էլ ճարպակալմամբ, ֆիզիկական ակտիվության պակասով, շաքարային դիաբետով և ծխախոտի գործածությամբ: Այս խնդրի դեպքում կարող են ձևավորվել աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք էլ կարող են խցանել արյունատար անոթը կամ նեղացնել լուսանցքը: Ի վերջո սա կարող է դառնալ աթերոսկլերոզի՝ սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը բարձրացնող վտանգավար հիվանդության առաջացման պատճառ, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել:

Աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը մեծ մասամբ կախված է լինում մարդու սննդակարգից: Հագեցած ճարպեր ու տրանսճարպեր պարունակող մթերքի գործածությունը, բարձրացնում է «վատ» խոլեստերինի մակարդակը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել կենդանական ծագման ճարպերի գործածությունն ու սկսել օգտագործել ավելի օգտակար ճարպեր:

Ավելորդ քաշը նույնպես կարող է դառնալ խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ: Այս դեպքում բարձրանում է «վատ» խոլեստերինի մակարդակն ու նվազում «լավ» խոլեստերինի մակարդակը, ուստի հարկավոր է փորձել ազատվել ավելորդ կիլոգրամներից ու պահպանել մարմնի առողջ զանգվածը:

Խիստ վտանգավոր կարող է լինել նաև ծխախոտի գործածությունը, ինչն առհասարակ վնասակար է ամբողջ օրգանիզմի համար: Ծխախոտի ծուխը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակների բարձրացմանը, ուստի որքան շուտ մարդը հրաժարվի այս վատ սովորությունից, այնքան շուտ կկարողանա դադարեցնել առողջական վիճակի վատթարացման գործընթացը:

Խոլեստերինի մակարդակն առանց դեղորայքի կարգավորելու համար ամենակարևոր նախապայմանը կենսակերպի վերանայումն է: Առաջին հերթին հարկավոր է փոխել սննդակարգը՝ օգտագործելով միայն օրգանական մթերք և խուսափելով տարատեսակ քիմիական ու տոքսիկ նյութերով հարուստ մթերքից: Բացի այդ, հարկավոր է հեռու մնալ վերամշակում անցած մթերքից, քանի որ դրանում պարունակվում են վնասակար տարրեր, որոնք առաջացնում են դիսբալանս ճարպային հյուսվածքների ձևավորման գործընթացում:

Այս կարևոր ցուցանիշի կարգավորման համար մասնագետները նաև խորհուրդ են տալիս սկսել շուտ ընթրել: Բժիշկների խոսքով՝ սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ, քանի որ ստամոքսում մնացած չմարսված սնունդը կարող է բարձրացնել օրգանիզմում տոքսիկ նյութերի մակարդակը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև ֆիզիկական ակտիվության մասին, քանի որ մարզումները «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման լավագույն միջոցներից են: Սա է պատճառը, որ հարկավոր է շաբաթական 5 օր մարզվել՝ ֆիզիկական ակտիվությանը տրամադրելով առնվազն 30 րոպե:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS