Օրգանիզմի ջրազրկման մասին հուշող ախտանշաններ

Մարդու օրգանիզմը 80 տոկոսով բաղկացած է ջրից, ուստի զարմանալի չէ, որ խոնավությունը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են չմոռանալ օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու մասին և խուսափել ջրազրկումից, որն անտեսելը կարող է դառնալ մահվան պատճառ։ Ընդ որում՝ ջրազրկում է համարվում անգամ մարմնի ընդհանուր զանգվածի 1%-ի չափով հեղուկի կորուստը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Ջրազրկման հետևանքով լուրջ բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորում են հետևել օրգանիզմի տված հուշումներին, քանի որ ցանկացած խնդիր միշտ դրսևորվում է այս կամ այն ախտանշանով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմի ջրազրկման մասին։

Ծարավի զգացում Օրգանիզմի ջրազրկման մասին հուշող առաջին ախտանշանը ծարավի զգացումն է, որի դեպքում օրգանիզմի որոշ գործառույթները սահմանափակված են լինում, ինչի հետևանքով կարող են նկատվել անհանգստություն, գլխացավեր ու բերանի խոռոչի տհաճ հոտ։ Սովորաբար ոչ շատ լուրջ ջրազրկումը պայմանավորված է լինում խիստ սննդակարգով, սուրճի կամ թեյի չարաշահմամբ, չափազանց շոգ եղանակով կամ երկար ժամանակ շոգ ու չօդափոխվող տարածքում մնալով։ Ջրազրկման ախտանշաններից խուսափելու համար հարկավոր է մեծ քանակությամբ ջուր խմել, իսկ հետագայում խնդիրը կանխելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 1,5 լիտր ջուր խմել։

Բերանի խոռոչի չորություն Ջրազրկման դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթները չորանում են։ Այս խնդիրը հատկապես հաճախ է նկատվում ալկոհոլի գործածության դեպքում, քանի որ խումարը միշտ ուղեկցվում է օրգանիզմի ջրազրկմամբ։ Սա է պատճառը, որ հարկավոր է չչարաշահել ալկոհոլն ու բավարար քանակությամբ ջուր խմել։

Մաշկի չորություն Ջրազրկման դեպքում մաշկը չորանում է, կարող է թեփոտվել և առաջանալ ձգվածության զգացողություն։ Որոշ դեպքերում կարող են նկատվել անգամ կարմիր բծեր ու արյունահոսող խորը ճաքեր։ Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել ու կիրառել մաշկը խանավացնող կոսմետիկ միջոցներ։

Թուլություն Թուլությունը, սրտխառնոցն ու գլխապտույտը լուրջ ջրազրկման հիմնական ախտանշաններն են։ Բացի այդ, կարող են նկատվել նաև մի շարք այլ ախտանշաններ, այդ թվում՝ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներ, ձեռքերի դող, դյուրագրգիռություն, ագրեսիվություն ու դեմքի գույնի փոփոխություններ։ Բարեբախտաբար, բավարար քանակությամբ ջուր խմելը կօգնի հեշտությամբ ազատվել տհաճ ախտանշաններից։

Աչքերի քոր Ջրազրկման դեպքում կարող են ի հայտ գալ նաև բավական արտասովոր ախտանշաններ, ինչպիսին են աչքերի չորությունը, քորն ու արցունքների բացակայությունը։ Սա կարող է հանգեցնել տեսողական համակարգի վիճակի վատթարացման, ինչը հատկապես վտանգավոր է կոնտակտային ոսպնյակներ կրողների համար։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика