Տրամադրության կտրուկ տատանումները կարող են հուշել առողջական խնդիրների ու խանգարումների մասին

Տրամադրության կտրուկ անկումը մարդիկ սովորաբար կապում են այս կամ այն խնդրի հետ, մինչդեռ այն ոչ միշտ է պայմանավորված լինում արտաքին խնդիրներով: Մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում տրամադրության տատանումները հուշում են հիվանդությունների և առողջական խնդիրների մասին, որոնց մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում:

Նման դեպքերում լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել ու ազատվել խնդրից մինչ դրա խորացումը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիվանդությունները, որոնք կարող են դառնալ տրամադրության անկման պատճառ:

Վահանաձև գեղձի հիվանդություններ Վահանագեղձի աշխատանքի խանգարումները միշտ էլ այս կամ այն կերպ ազդում են մարդու պահվածքի ու տրամադրության վրա: Վահանաձև գեղձի գերակտիվության դեպքում մարդը դառնում է դյուրագրգիռ, բռնկուն ու հիպերակտիվ, մինչդեռ գեղձի թերֆունկցիան դրսևորվում է ճնշվածությամբ, թուլությամբ ու տրամադրության անկումով: Այս ախտանշանների դեպքում հատկապես ուշադիր պետք է լինեն ավելորդ քաշ ունեցող կանայք, որոնց մոտ նաև նկատվում են այտուցներ ու ջերմության կամ ցրտի զգացողություն:

Էնցեֆալոպաթիա Շատ տարեցներին բնորոշ դյուրագրգռությունն ու կամակորությունը պայմանավորված չէ միայն ծերացման հետևանքով բնավորության փոփոխությամբ։ Սա կարող է լինել տարիքային էնցեֆալոպաթիայի` գլխուղեղի գործառույթների խանգարման ախտանշաններից մեկը, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել։ Ընդ որում` փոփոխություններն սկսում են նկատվել բավական վաղ տարիքում` 40-45 տարեկանում։

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ Վերջին ժամանակներում սա բավական տարածված խնդիր է դարձել։ Երեխաների մոտ համախտանիշը սովորաբար ախտորոշվում է տարրական դասարաններում, երբ ծնողներն ու ուսուցիչները նկատում են, որ երեխայի անուշադրությունն ու ակտիվությունը բացասաբար են անդրադառնում նրա ուսման ու առաջադիմության վրա։ Մինչ այդ ծնողները կարող են դրանք համարել երեխայի բնավորության առանձնահատկություններն ու լուրջ ուշադրություն չդարձնել։

Լսողության խանգարումներ Երեխաներին բնորոշ ինքնամփոփությունն ու չշփվող լինել սովորաբար վերագրվում են նրա բնավորությանը, մինչդեռ դրանք կարող են պայմանավորված լինել լսողության վատթարացմամբ։ Ընդ որում` երբեմն ծնողները բավական երկար ժամանակ կարող են չնկատել խնդիրը։

Նախադաշտանային համախտանիշ և դաշտանադադար Նախադաշտանային համախտանիշն ու դաշտանադադարը հիվանդություններ չեն, սակայն դրանք նույնպես կարող են դրսևորվել տրամադրություն կտրուկ փոփոխություններով, ինչը պայմանավորված է լինում հորմոնալ ֆոնի տատանումներով։

Շաքարային դիաբետ Տրամադրության կտրուկ տատանումների պատճառ կարող է դառնալ նաև շաքարային դիաբետը, որի դեպքում հիվանդների մոտ հաճախ է նկատվում գերլարվածություն և տագնապ։ Հոգեթերապևտների խոսքով` սա պայմանավորված է լինում նրանով, որ մարդիկ անգիտակցաբար անընդհատ մտահոգվում են մշտապես ինսուլինի ներարկումներ ստանալու անհրաժեշտության համար։ Այն դարձնում է նրանց ավելի խոցելի և հանգեցնում անհանգստության, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև կյանքի այլ ոլորտների վրա։

Գլխուղեղի ուռուցք Տրամադրության կտրուկ տատանումներն ու բնավորության փոփոխությունները, որոնց դեպքում հավասարակշռված մարդը դառնում է դյուրագրգիռ ու ագրեսիվ, լուրջ պատճառ է նաև ուռուցքաբանի հետ խորհրդակցելու համար, քանի որ այս ախտանշանով կարող է դրսևորվել նաև գլխուղեղի ուռուցքը։

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS