Տեր լսիր խնդրանքս

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր,պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են,որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ։Ինձ օգնիր,որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:

Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ:Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից:

Բարերար Աստված դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր,նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ. հավիտյանս հավիտենից: Ամեն:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика