Սոֆի Դևոյանը` 71-ամյակին կորոնավիրուսով վարակված լինելու և իրեն մատուցված անակնկալի մասին

ՀՀ Ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանն այսօր նշում է 71-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծննդյան տարեդարձն առանց հյուրերի կնշի, քանի որ վարակված է կորոնավիրուսով և արդեն 20 օր է՝ ինքնամեկուսացման մեջ է: «Ընտանիքիս մյուս անդամները չեն վարակվել, միայն ես եմ վարակվել տան աշխատողից: Բարեբախտաբար, ինձ արդեն լավ եմ զգում, բայց դեռ մի քանի օր էլ կմնամ տանը: 20 օր իմ սենյակում եմ անցկացրել, տան անդամների հետ չեմ շփվել, որպեսզի նրանց էլ չվարակեմ, բայց վտանգավոր շրջանն անցել է, երկու օր է՝ սենյակային ինքնամեկուսացումից դուրս եմ եկել:

Երանի այն օրը, երբ կասեն`կարող ենք հանել դիմակները ու հանգիստ ապրել»,-ասաց պարուհին: Չնայած ստեղծված իրավիճակին`նրա հիմնած Հոգու և պարի թատրոնի ուսուցիչներն ու աշակերտներն անակնկալ են մատուցել հոբելյարին՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: «Այն, ինչ այսօր կատարվեց, երբեք չի կրկնվի: Իմ պարի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հոլովակ էին պատրաստել ինձ համար, որը դիտելիս մեքենաների ազդանշանների բարձր ձայն լսեցի:

Հարսս`Զարուհին և թոռնիկս`Սոֆին, տեղյակ էին, թե ինչ է կատարվում: Ինձ պատշգամբ տարան, որտեղից տեսա իմ աշակերտներին, ովքեր ծաղիկներով եկել էին ինձ շնորհավորելու: Ավելի հուզիչ ծննդյան օր չեմ ունեցել իմ կյանքում: Աշակերտներս նույնիսկ պարեցին ինձ համար: Իհարկե, ոչ ոք տուն չմտավ, տնից բավականին հեռավորության վրա էին»,- պատմեց նա: Անդրադառնալով իր տարիքին`Սոֆի Դևոյանն ասաց, որ իրեն շատ ավելի երիտասարդ է զգում. գաղտնիքը`սիրելի աշխատանքն ու հարազատների սերն է: «Երբ զգում ես, որ քեզ սիրում են, գնահատում են, կողքիդ ունես հարազատ մարդկանց մեծ բանակ, քեզ երիտասարդ ես զգում, ուժ ես ստանում:

Ես հոգեպես դեռ 25 տարեկան եմ, երիտասարդներին շատ լավ եմ հասկանում ու հեշտ եմ լեզու գտնում նրանց հետ,- ասաց նա և խոստովանեց, որ եթե իրեն 25 տարեկանում հանդիպեր, խորհուրդ կտար ապրել այնպես, ինչպես ապրել է: -Զղջումներ, հիասթափություններ եղել են, բայց կարողացել եմ հաղթահարել այդ ամենը: Գեղեցիկ կյանքով եմ ապրել ու ինձ սովորեցրել եմ ապրել պահով, րոպեով, օրով»: Խոսելով իր ձեռքբերումների մասին`պարուհին նշեց. «Ընտանիքս, տղայիս ծնունդը, սիրելի աշխատանքս, թոռնիկներս, հարսս`Զարուհին, իմ ձեռքբերումներն են, ես նրանց շատ եմ գնահատում: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ»:

Մարիամ Խաչատրյան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика