Արդի տեխնոլոգիական զարգացման համատեքստում ծնողների գործը երեխաների դաստիարակման հարցում երկակի բնույթ է ստացել: Ծնողների մի մասը երեխաներին հանգստացնելու և նրանցից, այսպես ասած,գլուխներն ազատելու համար նրանց առաջարկում են իրենց հեռախոսներն ու սմարթֆոնները,որպեսզի նրանք դրանցով մուլտեր դիտեն և իրենց չխանգարեն: Վտանգավոր է, երբ այդ միտումը ավելի հաճախակի բնույթ է կրում, դառնում է սովորական թե՛ծնողի, թե՛երեխայի համար:
Այդպիսով՝ երեխաներն իրենց ընդհանուր զարգացման ամենից էֆեկտիվ ու ընկալունակ ժամանակաշրջանը մարդկային շփումների մեջ անցկացնելու փոխարեն, իրենց ժամանակը տրամադրում են հեռախոսային ծրագրերին, մուլտֆիլմներին, էլեկտրոնային խաղերին:Հմտություններ զարգացնող իրական խաղերը փոխարինվում են վիրտուալ խաղերով, ինչը նյարդային լարվածությունից բացի ոչինչ չի տալիս երեխային:
Ստացվում է, որ երեխայի հիմնական ինֆորմացիայի աղբյուրը գունավոր էկրանն է դառնում, իսկ ծնողների հետ հուզազգացական փոխկապակցվածությունը նվազում է, որի առիթ է դառնում երեխա-ծնող անհամաձայնության խորացմանը: Արդյունքում երկկողմանի օտարության զգացողություն է առաջանում, իսկ սմարթ տեխնիկային առավելություն տալը բերում է տեխնիկական կախվածության: