Որտեղ են հանգիստը անցկացնում հայ հայտնիները ստեղծված իրավիճակում

Մի քանի օրից ամառ է, և շատերը մտածում են արձակուրդը կազմակերպելու մասին, թեև աշխարհում ստեղծված նոր իրավիճակը սահմանափակել է հնարավորությունները:
Tert.am Life-ը զրուցել է հայ հայտնիներից մի քանիսի հետ` պարզելու` արդյոք որոշել են, թե ինչ են անելու այս տարի: Դերասանուհի Անի Խաչիկյանը չի որոշել, թե որտեղ է պատրաստվում հանգստանալ ամռանը, ծրագրերը ձախողվել են:

«Պատրաստվում էի արտերկիր մեկնել՝ շրջագայության, բայց քանի որ հանգամանքները փոխվեցին, դեռ ոչինչ չեմ պլանավորել,- ասաց նա, ապա, անդրադառնալով հարցին` արդյոք ներգնա տուրիզմն իրեն հետաքրքիր է, պատասխանեց,- Ամեն շաբաթ ես ճանապարհորդում եմ Հայաստանում, այցելում տարբեր մարզեր, գյուղեր և քաղաքներ»։

Հարցին՝ ո՞րն է իր համար բնության հետ ներդաշնակ լինելու տարբերակը, նա պատասխանեց. «Վայրի բնությունը, որտեղ չկա քաղաքակրթություն, չկան հոսանքի լարեր, չկան աղմկոտ ճանապարհներ, անգամ, հեռախոսային կապ, իմ դեպքում դա կլինի լավագույն հանգիստը»:

DJ Վակցինան` Արուսիկ Մկրտչյանը, նշեց, որ հավանաբար այս տարի չի կարողանա հանգստի մեկնել: «Ինչպես հասկանում եք, կորոնավիրուսը մեզ ուղեկցելու է նաև ամռան ընթացքում, այդ ամենը գիտակցելով` հնարավոր չէ լիարժեք հանգիստ ունենալ»,- ասաց նա ու հավելեց, որ արտերկիր մեկնելու կամ այլ երկրում հանգստանալու ծրագրեր չունի, թեև ավելի վաղ Եվրոպա մեկնելու մեծ ցանկություն ուներ։

Արուսիկի խոսքով` հանգստի համար մեծ գումարներ երբեք չի ծախսել, որովհետև կարծել է` դա ավելորդ ծախս է: Պարզվում է՝ նա պասիվ հանգստի սիրահար է. «Ամբողջ տարի լարված աշխատելուց հետո ցանկանում եմ այդ մեկ շաբաթը կամ տասն օրը ինձ համար լինեն ավելի պասիվ: Միշտ սիրել եմ հանգիստս անցկացնել Հայաստանում, իհարկե, չեմ կարող համեմատել այլ երկրների հետ, որովհետև մենք չունենք ծով, որոշակի առումով բարձրակարգ սերվիսի պակաս կա, այնուամենայնիվ, ինձ համար հանգիստը Հայաստանում անցկացնելը ավելի ցանկալի և հարմարավետ է: Մեծ ցանկություն ունեմ լինել Ստեփանավանում»։

Դերասան Բեն Ավետիսյանը ևս նախատեսել է այս տարի հանգիստը Հայաստանում անցկացնել։ Նրա խոսքով` բացի արտակարգ իրավիճակը, աշխատանքն էլ թույլ չի տալիս բացակայել երկրից:
Դերասանը դեմ չէ Հայաստանում հանգստանալ, թեև խոստովանեց, որ միշտ կա ցանկություն լինել նոր երկրներում: Բենը նախընտրում է ակտիվ հանգիստ, սիրում է հայտնվել իր կողմից չբացահայտված վայրերում:

Դերասան Սոս Ջանիբեկյանն այս տարի հավանաբար ամառը կանցկացնի հայրենիքում, թեև սովորաբար նրա մտքին հանգիստն անցկացնելու առաջնային վայրը Հայաստանը չէ։ «Ինձ համար առաջնայինը ծովն ու օվկիանոսն է»,- ասաց նա ու հավելեց, որ հայրենիքում նախապատվությունը տալիս է Դիլիջանին, իսկ Հայաստանից դուրս՝ Ինդոնեզիային:

Հաղորդավար Նորայր Եղյանը մեր զրուցակիցներից միակն է, ով հանգիստն անցկացնելու է արտերկրում: «Մեր երկրում ապրելով ու աշխատելով` քեզ չես կարող «հայաստանյան ճոխություններ» թույլ տալ: Մեր պետությունը բավականին «թանկ», բայց գնին չհամապատասխանող սպասարկմամբ հանգստի գոտի է», — ասաց հաղորդավարը ու հավելեց, որ իր համար Հայաստանում հանգստանալու առավելությունը միայն բնությունն է: «Սպասում եմ, ճանապարհները բացվելուն պես թեկուզ կարճ ժամանակով կգնամ արտերկիր և կվայելեմ ամառային հանգիստը»,- ասաց Նորայրը, ով ցանկանում է վայելել հանգիստը Կուբայում և հուսով է` մինչև տարեվերջ «ազատություն» կստանա և կիրականացնի ցանկությունը։

Սվետլանա Մուրադյան։ Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика