«Նման հուզիչ անակնկալ միայն ամուսինս կարողացավ կազմակերպել». Լիլուն` 38-ամյակի մասին

Երգչուհի Լիլուն նշել է 38-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ որդու`Ռոբերտի ծնվելուց հետո իր ծննդյան օրը մղվել է երկրորդ պլան, քանի որ դեռ տարեսկզբից ծրագրում է, թե ինչպես է նշելու Ռոբերտի ծննդյան օրը:

«Այս տարի ևս ոչինչ չէի ծրագրել, քանի որ շոգ է, իմ կարգավիճակում էլ մարդկանց հետ շփվելը, ավելորդ ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Որոշել էի, որ օրս կնշենք ընտանիքի անդամներով,-ասաց նա ու հավելեց, որ ծրագրերը խախտվել են, քանի որ ամուսինը`Արկադին, կեսգիշերին անակնկալի է բերել իրեն,- ամուսինս կեսգիշերին տանը չէր, մտածում էի, որ չի հասցնի գալ ու, բնականաբար, ոչ ոքի չէի սպասում: Երբ դրսից ձայներ լսեցի, մտածեցի ինչ-որ բան է կատարվում, գնացի դուռն ավելի ամուր փակելու: Ուղիղ 00:00-ին ամուսինս, մայրս, սկեսուր-սկեսրայրս, ընկերներս ինձ անակնկալի բերեցին: Հետո պարզվեց, որ Արկադին ամեն ինչ նախօրոք ծրագրել էր: Լավ ծննդյան օրեր շատ եմ ունեցել, բայց նման հուզիչ, ջերմ անակնկալ միայն ամուսինս կարողացավ կազմակերպել»:

Լիլուն հայտնեց, որ հաջորդ օրը ամենամտերիմ մարդկանց հետ տանը փոքրիկ խնջույք են կազմակերպել.«Ես տրամադրված չէի, բայց ամեն ինչ անկախ ինձնից ստացվեց»: Ըստ հոբելյարի`իր տորթը ոչ միայն գեղեցիկ, այլև խորհրդանշական էր. «Տորթի, վրա մեր ընտանիքն էր պատկերված, դիզայնն ամուսինս էր մտածել: Հասցրի երազանք մտապահել, հուսով եմ, կիրականանա: Նաև հետաքրքիր ու գեղեցիկ նվերներ եմ ստացել, բայց չեմ առանձնացնի որևէ մեկը, բոլորին շնորհակալ եմ»:

Երգչուհու խոսքով`որդին`4 տարեկան Ռոբերտը, այդ օրը նեղսրտել է, քանի որ մտածել է` իր ծննդյան օրն է. «Երբ իմացավ, որ իմ ծննդյան օրն է, շատ դժվար համակերպվեց, ուզում էր` միայն իր ծննդյան օրը լինի: Խոսեցի իր հետ ու բացատրեցի, որ ծննդյան օրը մի քանի անգամ չի կարող կրկնվել: Մի փոքր նեղսրտեց, հետո շատ ուրախ անցկացրեց օրը»:

Անդրադառնալով իր տարիքին` Լիլուն ասաց. «Թվերից չեմ վախենում, քանի որ հոգով 28 տարեկան եմ: Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի, ի վերջո, բոլորն էլ մեծանում են: Տարիների հետ մարդու հայացքները փոխվում են: Հիմա իմ պլանները կապված են ընտանիքիս հետ, քանի որ իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է, որդիս, ամուսինս: Չեմ դադարում աշխատել, նպատակներ ունեմ նաև կարիերայիս հետ կապված»:

Մարիամ Խաչատրյան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика