Նիկոլ Փաշինյանը խոսել է ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Տեսանյութ

Այս գրիչը, որը շատ փոքր դետալ է թվում, իրականում ամեն ինչի սիմվոլն է: Սատանան մանրուքների մեջ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:«Քանի որ ի ցույց էի դրել մանրուքը և ոնց որ թե ֆոնը լրիվ չէի բացել, այդ մանրուքը երբեմն կարող է ծիծաղելի թվալ: Գրիչն այն բանի սիմվոլն է, որ մենք կարող էինք անել այնպիսի քայլեր, ՍԴ նախագահը լիներ այնպիսի Սահմանադրական դատարանի նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ նախագահը՝ դրա ստեղծման առաջին օրից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց որ ի սկզբանե խնդիր դրված չէ եղել Սահամանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելու, սակայն հետագայում, երբ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել, որոշում է կայացվել գնալ «իրավական ճշգրիտ լուծումների ճանապարհով»:

«Երբ որ հրապարակային Վահե Գրիգորյանի նամակը պայթեց, օպերտիվ ինֆորմացիաներն սկսեցին մեծ ծավալներով հոսել դրանց հիման վրա հարուցվեցին քրեական գործեր և տեղի ունեցավ ամենամեծ բացահայտումը: Եթե մյուս դեպքերում կարող են խոսել անմեղության կանխավարկածի մասին այս դեպքում անառարկելի փաստ գոյություն ունի որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով դա կեղծ ընտրություն է եղել: Եղել է երկու տրամաբանություն այդ փաստն օգտագործել և ՍԴ նախագահին կամ ՍԴ-ն առնել վերահսկողության տակ թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգրիտ լուծումների ճանապարհով»- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ սիրո և համերաշխության հեղափոխությամբ իշխանության գալը չի կարող համադրելի լինել «խամաճիկային» ՍԴ ունենալու խնդրի հետ:«Ես անձամբ գնացել եմ այլ ճանապարհով: Այն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնվելու իր կողմից արած կեղծիքները կոծկել, այդ ժամանակից սկսած քաղաքական դաշտում իր համար որոշակի պաշտպանություններ փնտրել, այդ թվում՝ Հանրապետությունից դուրս: Իմ քաղաքական գնահատականն է, որ ըստ էության այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ:

Երբ որ ՍԴ նախագահը տեսել է մեզ պետք չէ դա, դարձել է ընդդիմություն: Պատկերացնում եք, ՍԴ նախագահը դարձել է քաղաքական ընդդիմություն: Եվ այո, ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Կարծում եմ՝ պետք է հետաքննվի, որ այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվել, որ սա Հայաստանի ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ուղիղ եթերի վերջում կրկնեց՝ կեղծիքների միջոցով ընտրված մարդն իրավունք չունի ՍԴ նախագահ անգամ ՍԴ անդամ լինել «Այդ ՍԴ-ն դառնալու է այլ կեղծարար ուժերի դաշնակիցը երկրի զարգացումն ու առաջընթացը տորպեդահարելու համար»:Հիշեցնենք, որ օրերս Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքելով Թովմասյանը հայտարարություն էր տարածել։«Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը»,-ասված է Հրայր Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ։

ՍԴ նախագահը նշել էր, որ 20 օր կսպասի, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։«Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-ասել էր նա։Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS