Վերջին շրջանում սրընթաց տարածվող կորոնավիրուսի նոր տեսակը լուրջ խուճապ է առաջացրել՝ ստիպելով մարդկանց հնարավոր ամեն կերպ պաշտպանվել դրանից: Կորոնավիրուսային վարակից խուսափելու ամենապարզ կանոններից մեկն է համարվում ձեռքերի հիգիենային հետևելը, այդ թվում ձեռքերը հաճախ լվանալն ու սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներ օգտագործելը, սակայն մասնագետները նախազգուշացնում են են, որ ձեռքերի հաճախակի ախտահանումն էլ ավելի է բարձրացնում վարակման հավանականությունը:
Ինչպես գրում է MedikForum.ru պորտալը՝ Express պարբերականին հղումով, կորոնավիրուսը տարածվում է գրիպի և մրսածության վիրուսների նման, ուստի մասնագետները հորդորում են մարդկանց հետևել տարրական հիգիենայի կանոններին վարակումից խուսափելու համար: Ամենապարզ և միաժամանակ արդյունավետ պաշտպանիչ միջոցներից է համարվում ձեռքերը հաճախ օճառով լվանալն ու ախտահանիչ միջոցների գործածությունը, սակայն բրիտանացի գիտնականները նախազգուշացնում են, որ ձեռքերի հաճախակի ախտահանումը նույնպես կարող է վտանգավոր լինել:
Մասնագետների խոսքով՝ ձեռքերը մաքուր պահելն ու պարբերաբար ախտահանելը, բնականաբար, շատ կարևոր է, սակայն միևնույն ժամանակ նման ակտիվ ախտահանումը նպաստում է մաշկը պատող և ախտածին միկրոօրգանիզմներից պաշտպանող նորմալ բակտերիալ միկրոֆլորայի քայքայմանը, ինչն էլ բարձրանում է ոչ միայն կորոնավիրուսով, այլև այլ հիվանդություններով վարակվելու հավանականությունը:
Սպիրտ պարունակող ախտահանող միջոցների գործածությունը հանգեցնում է մաշկի պաշտպանիշ շերտի մաքրման, ինչն էլ կարող է դառնալ մաշկի չորության և միկրոճաքերի առաջացման պատճառ՝ բարձրացնելով ախտածին միկրոօրգանիզմների ներթափանցման հավանականությունը:
Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, չափազանց չոր ու վնասված մաշկը կարող է դառնալ ախտածին բակտերիաների կուտակման ու տարածման պատճառ՝ բարձրացնելով վիրուսների ներթափանցման հավանականությունը: Նրանց խոսքով՝ վարակումից խուսափելու համար շատ ավելի կարևոր է ձեռքերը ջրով ու օճառով պարբերաբար լվանալը (պրոցեդուրան պետք է տևի առնվազն 30 վայրկյան), քան օրվա ընթացքում հաճախ ախտահանող միջոցներ օգտագործելը:
Բացի այդ, չի կարելի մոռանալ նաև բժշկական դիմակները ճիշտ օգտագործելու կարևորության մասին, քանի որ սխալ կրելու դեպքում պաշտպանիչ դիմակը նույնպես կարող է դառնալ վիրուսի տարածման պատճառ: Վարակումից խուսափելու համար ձեռքերը հարկավոր է անպայման լվանալ այս դիմակները կրելուց առաջ և դրանք հանելուց հետո, սակայն այս պարզ կանոնին ոչ բոլորն են հետևում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19-ով վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրից հայտնել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:
12 երկիր հայտնել է վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք: Կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել 122 երկրում: Նշենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի օջախ է համարվում Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը: