Հրայր Թովմասյանի ուղերձը տեղ է հասել իմքայլականները ցնցված են

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա խոսում էր պետության ու պետականության կարևորության մասին, իմքայլական պատգամավորներն ընկալել չկարողացան, և, կարծես, չեն ուզում շեղվել որդեգրած ուղուց։

Երեկ Թովմասյանի հարցազրույցին նախ անդրադարձան ՔՊ-ական պատգամավորները, ապա, իշխանության «հակաթովմասյանական» տրամադրություններն ամփոփեց Հ1-ը՝ ցուցադրելով ՍԴ նախագահին առաջադրված մեղադրանքի մասին խայտառակ ռեպորտաժը, որով չհիմնավորված ապացույցները հանրությանը հրամցվեցին որպես փաստեր, խախտվեց Թովմասյանի անմեղության կանխավարկածը։

ՍԴ նախագահի վերջին հարցազրույցը սեփական կենսափիլիսոփայության դիտակետից են շտապել մեկնաբանել, մասնավորապես, իմքայլական որոշ երեսփոխաններ՝ ԱԺ-ում անցկացված ճեպազրույցի ընթացքում փորձելով հարցազրույցում տեղ գտած որոշ մտքեր ու խոսքեր ենթարկել ոչ մի քննադատության չդիմացող վերլուծության՝ իբր ապացուցելու, որ իենց քաղաքական թիմի ու դրա առաջնորդի այն հանրահայտ համոզմունքը, թե Հայաստանում բոլոր չարիքների արմատ շարունակում է մնալ լոկ Սահմանադրական դատարանը, ոչ թե մերկապարանոց մանիպուլյացիա է, այլ՝ օբյեկտիվ իրականություն:

Օրինակ՝ պարզվում է, որ իմքայլական Վահագն Հովակիմյանի համար Թովմասյանի՝ «գնալու եմ մինչև վերջ» հայտարարությունը միանգամայն բավարար է եղել եզրակացնելու, որ ՍԴ նախագահի հայտարարություններն ուղիղ տեղավորվում են քաղաքական ընդդիմախոսի համատեքստում: Իմքայլականը նույնիսկ ստիպված է եղել մատնացույց անել Գագիկ Հարությունյանին ու հայտարարել. «Եթե նայեք ՍԴ նախկին նախագահի ելույթները, Գագիկ Հարությունյանը երբեք այդ լեքսիկոնով չի խոսել՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի»:

Պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ, որպես Հրայր Թովմասյանի կողմից իբր արված քաղաքական հայտարարությունների «փաստական ապացույց», վկայակոչել է նույն հարցազրույցում նրա հայտնած այն միտքը, թե ինքը խրամատում է՝ եզրակացնելով. «Եթե խրամատում ես, նշանակում է՝ հակառակ կողմում թշնամին է»: Միաժամանակ Կոնջոյանին խիստ կասկածելի է թվացել Թովմասյանի այն միտքը, թե Սահմանադրական դատարանի դատավորները հերոսներ են, ինչի հետ կապված իմքայլականը հռետորական հարց է բարձրացրել, թե այդ ո՞ւմ նկատմամբ են ՍԴ անդամները հերոսություն անում։

Լիլիթ Մակունցին էլ, պարզվում է, դուր չի եկել Թովմասյանի անդրադարձը Արցախի հիմնախնդրին. այն նրա կողմից գնահատվել է՝ «քաղաքական խոսք»: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ Վահագն Հովակիմյանը լրատվականներից մեկի հետ հարցազրույցում շտապել է իրեն շողոքորթելու մեջ մեղադրել ՍԴ որոշ անդամների՝ վստահեցնելով, որ ՍԴ-ի երեք դատավոր դեռևս 2018 թվականի ամռանն իր հետ դուրս են եկել կապի և իրենց ծառայություններն առաջարկել: «Մեկը բարեկամ է ուղարկել մոտս, մեկը միանգամից ձեռքիս է զանգել, թե հանդիպենք, խոսենք։ Մեկը միջնորդով է փոխանցել»,-պատմել է իմքայլականը՝ միաժամանակ հրաժարվելով անուններ տալ. դա անիմաստ զբաղմունք է։

Իշխանության ներկայացուցիչների՝ «փրփուրներից կախվելու» այսօրինակ զավեշտալի փորձերը, թերևս, պատահական չեն. Հրայր Թովմասյանի հարցազրույցը խիստ կոռեկտ, բայց միանգամայն հիմնավորված շեշտակի հարված էր երկիրը կամայականորեն ձևել փորձող ուժերին ու հստակ ազդակ, որ չի պատրաստվում հանձնվել, որ այն առաքելությունը, որն այսօր ինքն է կատարում, հստակ գիտակցված է ու լիովին արժևորված:

Իշխանություններին ակնհայտորեն հունից հանել է հենց Թովմասյանի անվրդով կեցվածքն, ու որոշում է կայացվել փորձել գոնե ինչ-որ հակափաստարկ ներկայացնել ու հանրության առաջ իբր հիմնավորել այն անբնական հակակրանքը, որն զգում են ներկայիս քաղաքական իշխանությունները Սահմանադրական դատարանի ու դրա նախագահի նկատմամբ:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե որքանո՞վ են ադեկվատ իմքայլականների կողմից բերված «փաստական ապացույցները», և արդյոք նրանք մտավախություն չունե՞ն, որ այդ ամենն ի վերջո կարող է հակառակ արդյունք տալ: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, «գնալու եմ մինչև վերջ» արտահայտությունը գնահատել որպես քաղաքական հայտարարություն, երբ Թովմասյանը նույն իր հարցազրույցում վստահեցրել էր, որ չունի քաղաքականությամբ զբաղվելու որևիցե պլան ու ցանկություն: Կամ ինչպե՞ս կարող է «ոչ մեկի դեմ ո՛չ պայքարող ու ո՛չ էլ կռիվ տվող» մարդու մեկ այլ խոսք գնահատվել որպես թշնամիներ որոնելուն միտված հայտարարություն: Եվ կամ այդ ի՞նչ է ասել Թովմասյանն Արցախի վերաբերյալ, որ նրա խոսքերը գնահատվել են՝ քաղաքական հայտարարություն: Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված անձնանցից որևէ մեկի փիա՞ռն է Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում փորձել «սղղացնել», թե՞ Ալիևին է «կիրթ մարդ» համարել՝պարտադիր համարելով Արցախի հարցում այնպիսի լուծման հասնել, որը կբավարարի նախևառաջ հենց ադրբեջանցիներին…

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին քծնանքի մեջ մեղադրելու իմքայլականի փորձերին, ապա դրանք, մեղմ ասած, խիստ կասկածելի են և, ըստ էության, արգասիք են սև գրչի հետ կապված հայտնի պատմության՝ պատգամավորի հոգում թողած նստվածքի. չգիտեն՝ է՛լ ինչ անեն, որ անհեթեթ իրավիճակից դուրս գան ու դուրս բերեն: «Մենք չգիտենք արժանապատիվ պարտվել, մենք գիտենք ստորաբար հաղթել»:

Այս խոսքերը պատկանում են Հրայր Թովմասյանին, որ հնչել էին նրա վերջին հարցազրույցում: Դրանք, թերևս, շատ դիպուկ կերպով բնորոշում են մերօրյա իրականությունն ու միաժամանակ հանդիսանում յուրատեսակ բարոյական գնահատական՝ այն ամենին, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ հատկապես վերջին շրջանում: Խնդիր է դրված ամեն կերպ, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով և նույնիսկ գրիչը քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց դարձնելու գնով հասնել գլխավոր նպատակակետին՝ Հրայր Թովմասյանի հեռացմանը, որից հետո արդեն կյանքի է կոչվելու պետականության քայքայմանն ուղղված պլանի հաջորդ՝ վճռորոշ փուլը:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика