Հասմիկ Կարապետյանը` ընկերների և միակ մարդու մասին, որին չի ներել

Նա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել: Tert.am Life-ը Հասմիկ Կարապետյանի հետ անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի դառնալու անկատար երազանքի, բուռն ստեղծագործական տարիների, շոու բիզնեսի ներկայիս վիճակի և իրեն ցավեցրած ընկերների մասին:

-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:

-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:

-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չեբ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են: Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:

-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:

-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այսօր քաոս է: Բոլորը երգում են, տեսահոլովակներ են նկարահանում: Մեր ժամանակվա երգարվեստում իմաստ կար, իմ սերնդակիցները ձգտում էին ոչ թե քանակ, այլ որակ ապահովել: Մեր սերունդը կարողացավ հանրությանը մատուցել հիթային հայկական էստրադային երգեր: Մենք քիչ էինք, բայց ամեն մեկս մի գույն էինք, մեզ շփոթելը անհնար էր: Այդ իմաստով մրցակցությունն ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա քանակը շատ է, բայց որակը քիչ է, հետևաբար` մրցակցությունը թույլ է: Ավելի բարդ է մրցել քիչ որակի, քան քանակի հետ:

-Այսօրվա երգարվեստում ֆավորիտներ ունե՞ք:

-Անորակի կողքին հիմա կա նաև որակյալը: Մենք ունենք Արամ MP3, Սիրուշու և այլք, ովքեր կարողանում են պահել որակն ու վարկանիշը:

-Այսօր շատ են հատկապես կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների համար նախատեսված երգերը: Հետաքրքիր է, Դուք այդպիսի միջոցառումներին երգե՞լ եք:

-Իմ բուռն տարիների ընթացքում երգել եմ թե՛ կորպորատիվ միջոցառումների, թե՛ հարսանիքների ժամանակ, բայց իմ երգացանկով: Ես երգերս հարսանիքային չեմ դարձրել: Մարդիկ ինձ ճանաչել են ու ընդունել են որպես երգչուհի: Ես շատ էի ուրախանում, որ իմ հեղինակային երգերը ճանաչում ու սիրում են:

Ինձ համար մեծ ձեռքբերում են եղել նաև արտերկրում հայկական համայնքների համար համերգները: Ես խոսափողս պահում էի դեպի դահլիճ և նրանք երգում էին իմ երգերը: Հեղինակի համար սրանից առավել ոչինչ չի կարող լինել, առավել ևս, որ ես երբեք չեմ երգել այն երգերը, որոնք մարդկանց մեծ մասը լսում է:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դադարներ եք ունեցել: Ձեր լռությունից հանդիսատեսը Ձեզ չի՞ մոռացել:

-Սա ֆենոմենալ երևույթ է, ինքս եմ զարմանում, թե ինչպես են առ այսօր ինձ գրում ու նոր երգեր պահանջում: «Իմ Տաթև» երգից հետո նոր տեսահոլովակ չեմ ունեցել, բայց մարդիկ գրում են, որ կարոտել են ինձ, ուզում են լսել իմ ձայնը: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացնում է նման խոսքերի:

Իմ երգերը միշտ էլ ինքնակենսագրականներ են եղել, ես այլ կերպ չեմ կարողացել: Իմ հավատարիմ երկրպագուների սերն ինձ միշտ հետ է բերում: Ուրեմն կարողացել եմ հետք թողնել նրանց սրտերի վրա: Կան մարդիկ, ովքեր իմ երգերը չեն լսում, բայց որպես մարդ ինձ ընդունելուց հետո սկսում են լսել:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

-Մարդիկ ասում են, որ ես հենց անկեղծությամբ եմ գրավում իրենց: Իմ անկեղծությունը չափից շատ է այս դարի համար և ինձ շատ է խանգարում, բայց ես այդպիսին եմ, չեմ պատրաստվում արհեստականորեն փոխել իմ բնությունը: Գուցե ես սխալ եմ և անձնական կյանքս պետք է գաղտնի պահեմ, բայց եթե ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, ինչո՞ւ գաղտնի պահեմ: Եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին չեմ բարձրաձայնել, հետաքրքիր է, որ նույնիսկ շատ մարդիկ, լրագրողներ, իմանալով այդ պահին իմ կյանքում տեղի ունեցող դեպքերի մասին, ինձ անգամ չեն հարցրել: Դա կրթվածության մեկ այլ` վերին աստիճանի տեսակ է:

-Հասմիկ, երգարվեստում Ձեր հին ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Այն մարդիկ, ովքեր ցանկացել են պահպանել ինձ հետ ընկերությունը այնքան, որքան ես, մինչև հիմա կողքիս են: Ունեմ նաև ընկերներ, որոնց հետ տարատեսակ հարցերի, նաև քաղաքական դաշտում տարաձայնություններ ենք ունել, բայց այդ ամենն անցել է:

-Խոսքը Շուշան Պետրոսյանի մասի՞ն է:

-Ոչ միայն: Գիտեք, չեմ կարծում, որ տարակարծությունը ընկերություն չանելու պատճառ է: Եթե որևէ պատճառ կարողանում է քանդել ընկերությունը, ուրեմն` ինչ-որ բան այն չի եղել:

-Կյանքի, ընկերների հարվածներից դասեր քաղու՞մ եք:

-Փորձում եմ դասեր քաղել, բայց իմ մեջ միշտ ներում եմ, հիշաչար մարդ չեմ: Իհարկե, նեղանում եմ, երբ ինձ հետ անարդար են վարվում, բայց չեմ կարողանում իրենց բացասական վերաբերվել: Միայն մի դեպք ու մի մարդ կա, ում չեմ կարողանում ներել: Նրա հարվածը մեջքից էր ու շատ անսպասելի: Չեմ պատրաստվում ասել, թե նա ով է, բայց այսքան ներողամիտ լինելով հանդերձ` նրան չեմ ներել:

Մարիամ Խաչատրյան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика