Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին ուղեկցող ամենատարածված խնդիրներից մեկն է, սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր: Նման ցավը բավական տհաճ է և բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:
Նման դեպքերում հաճախ կիրառվում են բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ, սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ ու փորձված ժողովրդական դեղամիջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավը:
0,5 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատին խառնել նույնքան աղացած մեխակ, այնուհետև ավելացնել մի բաժակ եռման ջուր և կես ժամ թրմել թերմոսի մեջ: Պատրաստի թուրմին ավելացնել մի շերտ կիտրոն և 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել և խմել որպես թեյ: Մեկական ճաշի գդալ լորենու ծաղիկներին ու ազնվամորու չորացրած հատապտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել այնուհետր ավելացնել կիտրոն ու մեղր և խմել որպես թեյ:
1 ճաշի գդալ անանուխի թարմ տերևներին ավելացնել կես բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Այնուհետև մի բաժակ շաքարին ավելացնել 4 ճաշի գդալ ջուր և դնել թույլ կրակին մինչև օշարակը եռա: Ավելացնել օշարակին երկուական ճաշի գդալ կիտրոնի հյութ ու անանուխի թուրմ, մոտ 5 րոպե շարունակել եփել, այնուհետև լցնել հատուկ կաղապարների մեջ և թողնել սառչի: Այս սառնաշաքարները կարելի է օգտագործել կոկորդի ցավը մեղմելու և տհաճ զգացողություններից ազատվելու համար:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուր