Կարինա EVN-ը Դեպի Եվրատեսիլին մասնակցության իր կերպարի, երգի ու16 տարեկանում հիվանդության հետևանքով մազերս թափվելու մասին

Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Կարինա EVN-ն իր ուժերը փորձելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում։ Կարինան շատերին հայտնի է դարձել ինստագրամյան հարթակից, որտեղ ներկայանում է ինչպես հեղինակային ստեղծագործություններով, այնպես էլ cover-ներով։ Երգչուհու համար բեկումնային դարձավ իր կատարած հրապարակումներից մեկը, որում խոսեց իր հիվանդության մասին ու առաջին անգամ ներկայացավ առանց կեղծամի։

16 տարեկանում Կարինայի մոտ ախտորոշվել է տոտալ ալոպեցիա, որի հետևանքով երգչուհին կորցրել է մազերը։ Tert.am Life-ի հետ զրույցում Կարինան պատմել է բարդույթը հաղթահարելու, «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցության, երգի ու սպասելիքների մասին։

22-ամյա երգչուհին նշեց, որ ինչպես կյանքում, այնպես էլ մրցույթներում իրեն օգնում են համառությունը, ձգտումն ու անկեղծությունը։ «Ես վճռական, շատ ձգտող մարդ եմ՝ ոչ ոք ու ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել իմ նպատակի և երազանքի ճանապարհին։ Why՝ «Ինչու» երգն էլ, որով ներկայանալու եմ, վճռական քայլի մասին է․ այն իմ հոգու ճիչն է։ Յուրաքանչյուր ոք կարող է անել մի քայլ, որը նրա կյանքում կլինի վճռական ու գլխիվայր կփոխի կյանքի ողջ ընթացքը»,-ասաց Կարինան։

Երիտասարդ երգչուհին իր կյանքում վճռական է համարում կեղծամից հրաժարվելու որոշումն ու իր խնդրի մասին բացահայտ խոսելը։
«Ես անկեղծ եմ իմ հետևորդների հետ։ Ինստագրամի իմ էջում նշել եմ խնդրիս մասին՝ տոտալ ալոպեցիա։ Ես հինգ տարի կեղծամի տակ էի թաքնվում, խուսափում էի ամեն ինչից, փորձում էի ամեն ինչ անել, որ դա չերևա։ Շատ հետևորդներ ունեի, հաճախ հարցնում էին՝ ինչո՞ւ ես կեղծամ դնում, ինչո՞ւ ես հոնքերդ նկարում։

Ես փորձում էի ուշադրություն չդարձնել, բայց մայրս շատ էր նեղվում այդ մեկնաբանություններից, երբեմն, դրանք արագ հեռացնում էի, որ նա չկարդա։ Սակայն մի օր որոշեցի բարձրաձայնել խնդիրս մասին։ Անկեղծ պատմեցի, որ հիվանդության հետևանքով 16 տարեկանում կորցրել եմ մազերս, ապա վճռական քայլ արեցի ու ներկայացա առանց կեղծամի։ Այդ հրապարակումից հետո այնքան մեծ թեթևություն զգացի»,-ասաց Կարինան։

Բացի Ինստագրամում ակտիվ լինելը, նա հաճախ երաժշտական տարբեր մրցութների է մասնակցում։ Կարինան ուժերը փորձել է «Հայաստանի ձայնի» 3-րդ և ռուսական «Голос»-ի 8-րդ եթերաշրջաններում։ Հայաստանում Կարինան անցել է նախագծի առաջին երեք փուլը, Ռուսաստանում նրան չի հաջողվել հաղթահարել «Կույր լսումներ»-ը։ Վերջերս նա մասնակցել է նաև ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Песни» հաղորդմանը, որտեղ մրցութային մասը չի հաղթահարել, սակայն իր հեղինակային ստեղծագործությամբ կարողացել է գրավել հեռուստադիտողներին և հայտնվել iTunes-ի բարձր հորիզոնականներում։

«Դեպի Եվրատեսիլ»-ին Կարինան մեծ անհամբերությամբ է սպասել․ «Մրցութային բոլոր նախագծերն ինձ բավականին փորձ են տվել, հույս ունեմ, որ դա ինձ կօգնի։ Միշտ հետևել եմ «Դեպի Եվրատեսիլ»-ին։ Անցած տարի պատրաստվում էի մասնակցության հայտ ներկայացնել, բայց, ցավոք սրտի, նախագիծը չեղավ։ Երբ այս տարի լսեցի հայտերի ընդունման մասին, անմիջապես որոշեցի մասնակցել։ Ոգևորված սպասում էի իմ մասնակցությանը»։

Կարինան նշեց, որ «Դեպի Եվրատեսիլ»-ին մարտական է տրամադրված՝ փորձելու է իրեն ցույց տալ բոլոր կողմերով․ «Կներկայացնեմ այն, ինչ կարող եմ, ցույց կտամ երաժշտական տվյալներս, կծանոթացնեմ մտքիս թռիչքի հետ։ Ինչպես ցանկացած մրցույթում, այնպես էլ «Եվրատեսիլ»-ում հաղթելու համար պետք է լինել անհատականություն, բեմում համոզիչ ներկայանալ։ Բազմիցս տարբեր նախագծերում ներկայացել եմ իմ հեղինակային գործերով։ Այստեղ ևս, կարծում եմ, երգն ամենակարևոր գործոններից է, որը պետք է լինի հաճելի, գրավիչ ու հետաքրքիր»։

 

Խոսելով նախագծից սպասելիքների մասին՝ երգչուհին ասաց․ ««Դեպի Եվրատեսիլ»-ից սպասում եմ թեժ մրցակցություն և, իհարկե, հուսով եմ, որ կհաղթեմ։ Չեմ ուզում այլ տարբերակի վրա կենտրոնանալ ու մտածել։ Իմ երգը կամ պատրաստվածությունը չեմ ուզում գնահատել, կարծում եմ, դա կանեն հեռուստադիտողները։ Վերջնական ընտրությունն այն մարդկանցն է, ովքեր քվեարկում են, նրանք արդար որոշում կկայացնեն։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS