Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի ընտանեկան կյանքն ու առողջ հարաբերությունների բանաձևը

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանի ու Լուսին Վարդանյանի որդին` Արան, արդեն վեց ամսական է: Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինն ասաց, որ փոքրիկն ավելի է ամրապնդել իրենց ընտանիքը: Լուսինն ասաց, որ երկրորդ երեխան իրենց կյանքում ու հարաբերություններում շատ բան է փոխել. «Արան մեր կյանք բարություն, խաղաղություն, ժպիտ, սեր բերեց: Երբ մարդ գիտակցաբար ունենում է երկրորդ կամ երրորդ երեխա, նշանակում է, որ վստահ է կամ գոնե շատ է ուզում, որ հարաբերությունները կայուն լինեն: Հետևաբար` նման ընտանիքում երեխաները կմեծանան հարգանքի, փոխվստահության, անդավաճան սիրո և առողջ մթնոլորտում: Ընտանիքում ամեն քայլ ու արարք հենց դրան պետք է տանի»:

Իրենց հարաբերությունների դժվար ընթացքի ու խնդիրների մասին հիշելով` Լուսինն ընդգծեց, որ խնդիրներ հիմա էլ լինում են, բայց դրանք կարողանում են հաղթահարել. «Եղած խնդրից պատվով դուրս գալու համար պետք է հասուն լինել։ Եթե կա սեր,ամեն բան հաղթահարվում է, եթե չկա, ամեն ինչ անիմաստ է դառնում: Կյանքում յուրաքանչյուր հարաբերություն, եթե ուզում ես լավ ընթացք և ավարտ ունենա, պետք է փոխադարձ լինի»:

Հարցին՝ ընտանեկան վեճերի ժամանակ զիջողի դերում ի՞նքն է, թե՞ Վահագնը, դերասանուհին պատասխանեց. «Եթե ես վստահ եմ, որ ես եմ ճիշտ, իսկ ես կարողանում եմ ինքս իմ հանդեպ օբյեկտիվ լինել, մի քանի անգամ ասում և պարզաբանում եմ միտքս, բայց ավելի հաճախ ես եմ զիջում, քան Վահագնը: Իհարկե, միշտ ես զիջել չեմ կարող, քանի որ առողջ հարաբերության հիմքում փոխադարձությունն է՝ թե՛ սիրո, թե՛ հարգանքի, թե՛ կարևորելու և չդավաճանելու առումով: Կապ չունի տղամա՞րդ, թե՞ կին. երկուսն էլ մարդ են, երկուսն էլ լավ ապրել են ուզում»։

Դերասանու խոսքով`ամուսնու`Վահագնի և Արայի հարաբերությունները հրաշալի են: «Աստված տա՝ այդպես էլ շարունակվի: Երբ անհրաժեշտ է, հայր ու որդի երեկոյան գնում են բակ զբոսնելու, որպեսզի ես կիսատ գործերս ավարտեմ։ Բայց չեմ չարաշահում Վահագնին,-ժպիտով ասաց նա և խոստովանեց, որ դստեր` Ռուզաննայի դեպքում մանկական խանդի զգացումը դեռ չեն հաղթահարել: -Ռուզիկս շատ է սիրում եղբորը, ուղղակի 6 տարի բոլորիս ուշադրությունը միայն իր կողմն է եղել, հիմա ուշադրությունը, բնականաբար, կիսվել է, երբեմն բողոքում է, բայց եղբոր հանդեպ վատ վերաբերմունք չի ցուցաբերում։ Երբեմն, մեծի պես ասում է, որ մինչև Արան իր կյանքը ուրիշ էր, բայց հետո հավելում է, որ եղբորը շատ է սիրում: Ինձ բավականին օգնում է Արայի խնամքի հարցում»:

Մարիամ Խաչատրյան

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика