Լիլիթ Կարապետյանի 45-ամյակի անակնկալներն ու որդու շնորհավորանքը

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է հոբելյանական 45-ամյակը: Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում երգչուհին պատմեց ծննդյան օրվա մանրամասների, իր տարիքին հոգեպես չհամապատասխանելու և կորուստների մասին։ Լիլիթի օրը սկսվել է կեսգիշերին` ընկերների անակնկալով. «Իմ ընկերներից Վիգեն Ահարոնյանն ամեն երեկո քայելու է գնում, երեկ ինձ համոզեց ժմիանալ իրեն:

Քայլեցինք դեպի Մայր Հայաստան, որտեղ ինձ էին սպասում քիչ թվով հարազատ մարդիկ` տորթով, փուչիկներով, ծաղիկներով: Այսօր առավոտյան էլ Վիգենը զանգեց ու ասաց, որ հինգ րոպեից հասնում է: Եկավ ու ասաց, որ Աշտարակի ձորում տեղ են ամրագրել, որպեսզի նշենք ծննդյանս օրը: Հիմա վայելում եմ օրս ընկերներիս հետ` չխախտելով պարետատան սահմանած կանոնները: Մոտ երեք ամիս տնից գրեթե դուրս չէի եկել, շատ լուրջ եմ ընդունում կարանտինային օրակարգը»,-ասաց երգչուհին:

Հոբելյարի խոսքով` որդին` Կարենը, ամեն տարի իրեն ծաղիկներ է նվիրում, բայց այս տարի չի հասցրել. «Նա տանն է եղել այս օրերին և դուրս չի եկել: Երեկ ուզում էր գրկել, համբուրել, բայց, անվտանգությունից ելնելով, թույլ չտվեցի, քանի որ նոր էի դրսից տուն եկել: Այնքան հուզիչ մաղթանքներ հղեց, ասաց`այնքան ուրախ եմ, որ իմ մայրիկն ես, բայց ես այդքան էլ լավ տղա չեմ քեզ համար: Ես էլ անսահման ուրախ եմ, որ Կարենս է իմ տղան,- ասաց նա և հավելեց, որ տորթի մոմերը փչելիս արդեն տասը տարի է` նույն երազանքն է մտապահում։ -Կարենի ծնվելուց հետո իմ երազանքը մեկն է` որ որդիս և աշխարհի բոլոր մանուկները առողջ լինեն»:

Լիլիթն ընդգծեց` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես իրեն 45 տարեկան չի զգում. «Ոչ մի կերպ չեմ կարողանում հոգեպես ինձ կապել ֆիզիկական տարիքիս հետ: Միշտ կատակում եմ, որ ծննդյան վկայականիս մեջ տարիքս սխալ են նշել: Քանի որ փոքր եմ երևում, դեռ տարիքիցս չեմ վախենում: Որդուս ընկերների ծնողներից շատերն ինձնից շատ ավելի փոքր են, բայց ես իրենցից փոքր եմ երևում: Մինչև հիմա մուլտֆիլմեր եմ դիտում, հավատում եմ հրաշքներին ու բարու հաղթանակին: Նույնիսկ իմ ունեցած բազմաթիվ կորուստները, մահերը, հիասթափությունը չկարողացան իմ մեջ սպանել դրականը»:

Երգչուհին խոստովանեց, որ շատ է մտածում այն մասին, թե ինչու է իրեն այդքան շատ ցավ ու վիշտ բաժին հասել դեռ փոքր տարիքից. «Գուցե Աստված տեսավ, որ ուժեղ եմ ու ինձ ուղարկեց այդքան կորուստներ: Թույլ մարդը կկործանվեր այն ամենից, ինչ ես եմ տեսել, բայց ես արժանապատվորեն կրեցի այդքան ծանր բեռը: Չնայած կյանքի բազմաթիվ հարվածներին` ինձ հարուստ ու երջանիկ մարդ եմ համարում: Ունեմ հրաշալի մայր, որդի և ընկերներ»:

Ըստ Լիլիթի` արտեկրում ապրելու առաջարկներ շատ է ունեցել, բայց իր նպատակն է` Հայաստանում ապրելը. «Ամուսնության անթիվ առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ, քանի որ շատ եմ սիրում իմ հայրենիքը, լքել չեմ պատրաստվում: Հիմա նպատակ ունեմ ձեռք բերել փոքրիկ սեփական տուն. դա նաև որդուս երազանքն է: Ժամանակին կարող էի հեշտությամբ ունենալ, բայց ես նախընտրեցի ինքս իրագործել իմ նպատակները: Երբ այս համաճարակը անցնի, ուժերս ու մտքերս կկենտրոնացնեմ այդ ուղղությամբ»:

Աղբյուրը

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика