Մինչ իշխանությունները Հայաստանում փորձում են սահմանադրական նորմերի կոպտագույն խախտմամբ փատացի պետական հեղաշրջում կազմակերպել՝ ՍԴ գործառույթները գողանալով-հանձնելով իմքայլական պատգամավորներին, ստացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի ու Կիմմո Կիլժունեի մեկնաբանությունը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Բավական կոշտ ձևակերպումներով ու երկակի մեկնաբանության տեղիք չտվող բովանդակությամբ աչքի ընկնող հայտարարությունն, ըստ էության, նախազգուշական մեսիջ է հայաստանյան քաղաքական վերնախավին՝ կանգ առնելու ու վերջապես սթափվելու, չանցնելու կարմիր գիծն ու սեփական ձեռքով չփորելու հայկական պետականության գերեզմանը. ՍԴ դեմ քաղաքական իշխանությունների բացահայտ դեմարշը խորն անհանգստության առիթ է տվել Եվրոպայում:
Հայտարարությունը, որն արդեն իսկ հայաստանյան մի շարք հեղինակավոր իրավաբանների ու փորձագետների կողմից հասցրել է մանրամասնորեն վերլուծվել ու վերծանվել, անհասկանալի արձագանք է գտել, սակայն, ակնհայտորեն ընկալունակության հետ խնդիրներ ունեցող որոշ իշխանական դեմքերի կողմից, ովքեր փորձել են հայտարարության տեքստը մեկնաբանել իրենց ձեռնտու կերպով՝ ի ցույց դնելով սեփական երևակայության անհունությունը:
Նախ՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն է հայտարարության տեքստը հաջողությամբ աղավաղել ու բովանդակությունը խեղելով՝ այն գնահատել որպես «դիֆերամբ»՝ ձոնված Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է լրագրողների հետ զրույցում «փայլել» իր ճարպկությամբ. վարչապետի աշխատակազմի ու ՍԴ-ի միջև առկա լարվածությունը, որի մասին խոսք էր գնացել հայտարարությունում, նախարարը համարել է հետևանք այն բանի, որ քաղաքական գործչին բնորոշ արտահայտություններ ու ձևակերպումներ են հաճախ կատարվում ՍԴ-ի կողմից:
«…«խրամատի զինվոր»: Էդ ի՞նչ խրամատ ա, էդ խրամատի զինվորը ումի՞ց ու ի՞նչ արժեք ա պաշտպանում, ումի՞ց ա պաշտպանում, ո՞նց ա պաշտպանում: Այսինքն՝ նման արտահայտությունները, որոնք քաղաքական գործչին են ավելի բնորոշ, կարծում եմ, այս լարվածության ստեղծման պատճառն են: Եվ երկրորդ կոմպոնենտը, որը խիստ լարվածություն է ստեղծում, դա աննախադեպ ճնշումն է ՍԴ դատավորների նկատմամբ, ովքեր կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Նկատի ունեմ, որ բոլոր միջոցներով ու մեթոդներով իրենց փորձում են զերծ պահել այդ քայլից…»,- մասնավորապես՝ հայտարարել էր իմքայլական Հայկ Կոնջորյանին երկրորդած Բադասյանը՝ որպես սեփական թեզի հիմնավորում վկայակոչելով սոցցանցային գրառումները:
Եվրոպացների այսօրինակ գնահատականները՝ Հայաստանում կատարվող ապօրինություններին, իհարկե, բացառիկ չեն. բոլորին է հայտնի նույն Վենետիկի հանձնաժողովի ու դրա ղեկավարի հնչեցրած գնահատականները՝ վերաբերող, մասնավորապես, ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու առնչությամբ իշխանական ծրագրերին, որոնք, սակայն, դատելով ամենայնից, այդպես էլ մինչև վերջ չհասկացված մնացին՝ ի զորու չլինելով քաղաքական իշխանություններին ստիպելու, համոզելու Հայաստանը չնետել ամբողջատիրության գիրկը:
Ինչպե՞ս կարելի է գնահատել իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ արձագանքը՝ եվրոպացիների՝ Հայաստանում կատարվողի վերաբերյալ տրված օբյեկտիվ մեկնաբանությանը: Իշխանության ներկայացուցիչների՝ բոլորին մոլորեցնելուն միտված հայտարարությունները կոչված են քողարկելու այն խայտառակությունը, որին արժանանում է Հայաստանը՝ փաստացի հավասարվելով Ադրբեջանին (ԵԽԽՎ-ն ընդունել էր զեկույց ընդդեմ Ադրբեջանի՝ այդ երկրում քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդումների առնչությամբ):
Մի՞թե նման իրավիճակին անհամարժեք նման պահվածք դրսևորող որոշ իշխանականներ իսկապես կարծում են, որ փրկում են սեփական իշխանության դեմքն ու օգնում «նոր Հայաստանին»՝ շահեկանորեն տարբերվելու բռնատիրական Ադրբեջանից: Ցավոք, կան բոլոր նախանշանները պնդելու, որ Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող քաղաքական հալածանքը չի դադարելու,և նույնիսկ եվրոպացիների կոշտ գնահատակններն ու նախազգուշացումներն ի զորու չեն լինելու կասեցնել Հայաստանում բացառապես մեկ մարդու իշխանության հաստատմանը միտված ապօրինի պրոցեսը:
Մյուս կողմից՝ տեղի ունեցողի վերաբերյալ ստացվող միջազգային արձագանքներն աներկբայորեն հուշում են, որ նույնիսկ բաղձալի նպատակին հասնելու դեպքում, իշխանություններն ունենալու են լեգիտիմության լրջագույն պրոբլեմ: Այդ պրոբլեմն ակնհայտորեն է՛լ ավելի է խորանալու, եթե ԱԺ մեծամասնությունը ընդունի «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որն ուղղակի ոտնձգություն է երկրի մայր օրենքի նկատմամբ ու կատարյալ խեղկատակություն:
Իշխանությունները մտածե՞լ են, թե ինչպես են կոմպենսացնելու սեփական բացերը, ինչպե՞ս են լուծելու ապալեգիտիմացման վերահաս խնդիրը:
Արմեն Կարեյան։ Աղբյուր