Իննա Խոջամիրյանի և Զիրոյանի նոր նախագիծը, փորձանքն ու անձնականի մասին քննարկումները

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ու դերասան Զիրոյանը վլոգ են սկսել, որի շրջանակում ճամփորդում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Tert.am Life-ի հետ զրույցում Իննան ասաց, որ գաղափարը դեռ 2018-ից իր մտքում էր: «2 տարի անց կարանտինը մոտիվացրեց մեկնարկը դնելու: Զիրոյանին պատմեցի գաղափարի մասին, նա էլ ավելացրեց իր չիրացված գաղափարները` միաձուլեցինք, ամբողջացրինք, համուհոտ տվեցինք, և անցանք գործի,- ասաց նա,

իսկ դիտարկմանը, որ ճամփորդական վլոգեր շատ կան, ինչո՞վ են իրենք տարբերվելու, պատասխանեց,- Ամեն ինչ էլ հիմա կա, եթե էդպես հաշվարկենք: Մենք հետաքրքիր շտրիխ ունենք, տարբերակիչ, որը հիմա չեմ կարող ասել: Բացի այդ, համագործակցում ենք այլ կազմակերպությունների, հիմնադրամների հետ, որը բլոգին և մեր անելիքներին այլ երանգ է տալիս»։

Իննայի և Զիրոյանի անձնական կապի մասին խոսակցությունները չեն դադարում։ Զույգն այս թեման հնարավորինս շրջանցում է, բայց միասին ներկայանալ չի խուսափում։ Թվացյալ բաց լինելով հանդերձ` Իննան վստահեցնում է` իր անձնական կյանքը հիմա ավելի փակ է, քան երբևէ. «Ով ասաց, որ այն, ինչ մարդիկ տեսնում են, իմ անձնականն է։) Ես հիմա ավելի փակ եմ, քան առաջ»: Այնուամենայնիվ, զույգի անձնական կապի մասին խոսակցությունները թեժացնում են նրանց համատեղ նախագծի հանդեպ հետաքրքրությունը։ Իննան վստահեցնում է` իրենք դա չեն օգտագործում ռեյթինգի համար։

«Անձնական կյանքը ռեյթինգի կամ չռեյթինգի գործոն, կամ առհասարակ փորձադաշտ չէ: Մենք սոցիալական մեդիայում ակտիվ ենք, և՛ առանձին-առանձին, և՛ դուետով` սարսափելի բան չկա»: Նախագծի շրջանակում նաև առանձին ներկայանալու մտադրություն Իննան և Զիրոյանը չունեն. «Միասին ենք սկսել, պատրաստվում ենք միասին էլ տանել հանգուցալուծման, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ նախատեսված չեն»։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք` Զիրոյանի հետ աշխատանքի մեջ բախումներ շա՞տ են ունենում. «Հարց էր նշանակետին: «Չինգա չունգ» անունը հենց էնպես չենք ընտրել, այդպես էլ լուծում ենք տարաձայնությունները»։

Իննայի երկրպագուները գիտեն` հնարավոր չէ նա ճանապարհ գնա առանց փորձանքի մեջ ընկնելու։ Սա էլ բացառություն չէր. «Արագածի գագաթը բարձրանալուց հետո 2-3 օր կաթիլային եմ ստացել: Իհարկե, բոլոր հնարավոր ատրիբուտներով` ակնոց, գլխարկ, քսուկ, փորձել էի պաշտպանվել, բայց պարզվեց` շատ նուրբ դեմքի մաշկ ունեմ, 2-րդ կարգի այրվացք ստացա` ջերմությունս ստաբիլ 39 էր։)

Դա առաջին թողարկումն էր, դրանից հետո շատ զգույշ ենք, պատրաստված, հետևողական»,- ասաց նա։ Իսկ ահա Զիրոյանը «ձախորդ» չէ. «Զիրոյանը մեր անձնակազմի անվախն է, ոչ մի փորձություն չի սպառնում: Չնայած նրան առաջին անգամ իսկապես փշաքաղված և վախեցած տեսա, երբ 30 սմ հեռավորության վրա, ոտքներիս տակ կովկասյան թունավոր գյուրզա հանդիպեցինք, առաջին անսպասելի բախումն էր, ո՞վ չէր վախենա` կծելուց մահ 15 րոպե է»:

Իննան հայտնեց, որ նկարահանել են արդեն 5 թողարկում, փորձում են ինստենսիվ նկարել, բայց դա ժամանակատար է և շատ հոգնեցուցիչ. «15կմ և ավելի շաբաթը 3 օր քայլում ենք, մագլցում, արևահարվում, թրջվում, վախենում»։ Վերադառնալուց հետո էլ սեփական ուժերով են փորձում ի մի բերել նկարահանված նյութն ու մոնտաժել։

«Էս պահին ով կասի, որ տնտեսելու խնդիր չունի, ստում է։) Իրականում շատ փոքրիկ, բայց անասելի ամուր թիմ ունենք, մոնտաժն անում է մեր օպերատորը Արմինե Ավագյանը։ Բոլոր թողարկումների մոնտաժին մենք ներկա ենք, միասին քննարկում ենք, կտրատում, կպցնում, հավաքում, վերապրում: Թող ամեն բան լավ լինի թիմը կմեծացնենք: Հիմա մենք ենք` նվիրյալ մարդիկ ու պատրաստակամ ընկերները»,- նշեց դերասանուհին:

Իննան վստահեցնում է` սեփական նախագիծ սկսելը, համացանցում դիրքերն ամրապնդելու այս քայլը հեռուստատեսությունից որոշակիորեն անկախանալու փորձ չէ. «Հեռուստատեսությունը մեր առաջնային գործունեության անքակտելի մասն է վերջին տարիներին, ինչպես նաև այժմ: Անկախանալու փորձեր չենք անում, միտք էլ չունենք: Հեռուստաեթերն այլ է, սա այլ»։

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика