Գյումրեցի 100-ամյա Մարիամ տատը բացահայտում է երկարակեցության գաղտնիքը

Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը։ Armeniasputnik.am-ը գրում է․ Մեկ դար ապրած գյումրեցի տատիկը պատմում է իր անցած ուղին և բացահայտում երկարակեցության պարզ գաղտնիքը։ Մարիամ Եղիազարյանը 100 տարեկան է, բայց ծննդյան օրն ու ամիսը չգիտի:

Իր շատ հասակակիցների նման անձնագրում ամրագրված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամսվա ու օրվա փոխարեն՝ զրոներ են: Դա միակ բանն է, որ տատի հիշողության մեջ դաջված չէ, մնացած բոլոր հարցերին Մարիամ տատը շատ սթափ ու ճշգրիտ պատասխան է տալիս: Կյանքի դժվարությունները նրան չեն ընկճել: Նույնիսկ հիմա չի սիրում բողոքել ու պահանջել:

Ասում են`Մարիամ տատին շատերն են սիրում իր բարության ու դրական էներգիայի համար: Ապրում է միայնակ. 4 երեխաներից 2-ն արդեն չկան, մեկը երկրում չէ, իսկ նա, ով Հայաստանում է առողջական լուրջ խնդիրներ ունի: Տատին պարբերաբար թոռներն են այցելում:

Նա հրաժարվում իր տանից բացի այլ տեղ ապրել: Մարիամ տատի մայրը կարսեցի է, ջարդերի ժամանակ փախել եկել է Գյումրի: Ավելի ուշ ամուսնացել է, իսկ Մարիամին պահել ու մեծացրել է քեռին: «Քեռիս երեխա չուներ, ինքն էլ, քեռակինս էլ ինձ շատ սիրում ու լավ պահում էին, վերջում էլ լավ օժիտ են տվել»,-պատմում է տատը:

Տատի համար ամենալավ տարիները 30 ականներն էին՝ երիտասարդության տարիները: Պատմում է՝ դրսում առաջինն իրեն սկեսրայրն է տեսել: «Հարցրել է՝ ու՞մ աղջիկն է, ասել են «կասիր» Սարգիսի աղջիկն է, մյուս օրը եկան ինձ ուզելու: Ես 19 տարեկան էի: Ամուսինս հոր պես մաշինիստ էր (երկաթուղային): Շատ լավ ամուսին եմ ունեցել, խիստ չի եղել ու ինձ շատ սիրել է:

Կյանքում չեմ աշխատել, ամբողջ կյանքս երեխաներիս, ապա թոռներիս եմ պահել»,-պատմում է տատը: Խոսելով երկարակեցության մասին՝ նախ ծիծաղում է, ապա ասում՝ շատ ջանք չի գործադրել, ոչ մի արտառոց բաղադրատոմս չունի, միայն շատ է սիրում գոլ ջուր խմել: Նույնիսկ մի պատառ ուտելուց հետո գոլ ջուր է խմում՝ սովորություն է:

Ծանոթները փաստում են ՝օրական 2 թեյնիկ գոլ ջուր է խմում: Մարիամ տատը սիրում է առավոտյան լավ ուտել՝ ճաշը տատի համար առաջին կերակուրն է: «Կյանքիս մեջ դեղ խմած չկամ, միայն մեկ-մեկ, երբ գլուխս շատ է ցավում Ասկոֆեն եմ խմում»,-անկեղծանում է տատը:

Մարիամ տատը նաև վստահեցնում է՝ չնայած անդառնալի կորուստներ է ունեցել՝ որդին ու դուստրը, բայց երբեք մյուսների մոտ չի տրտնջացել։ Այսօր էլ, երբ հարցնում ես` ի՞նչ ես ուզում, ասում է՝ ես ոչինչ, ինձ ոչ մի բան պետք չէ, թող միայն ջահելները լավ լինեն:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика