Բարի լինելն էլ մի լավ բան չէ․․․ Դրսում մի կին ընկավ, օգնեցի նրան վեր կենալ, բայց արդյունքում մեղավոր եղա․․․

Մի քանի օր առաջ, երբ փողոցները պատված էին սառույոցվ, երեկոյան աշխատանքից տուն էի վերադառնում։ Դեռ մութը լրիվ չէր ընկել, բայց դրսում քիչ մարդ կար։ Ինձանից մոտ 15 քայլ առաջ մի կին էր քայլում բավականին արագ։ Ես էլ մտքումս զարմանում էի, թե ինչպես չի վախենում սառույցի վրայով այդքան արագ քայլելուց, քանի որ ինքս մի քանի անգամ մի կերպ էի ինձ պահել։

Բայց մի քանի րոպեից այդ կնոջ ոտքն էլ սահեց, ու նա ընկավ։ Ձեռքի տոպրակն ու պայուսակը մի կողմ թռան, իսկ ինքն էլ պառկել էր ու չէր կանգնում։ Շտապեցի, վերցրեցի իրերը ու սկսեցի ընկածին օգնելու փորձեր ձեռնարկել։ Այդքան էլ լավ չէր ստացվում մոտս, քանի որ ծնկներս ու մեջքս հիվանդ են։ Բայց դե հո չէի թողնի նրան սառույցին ընկած։ Վատն այն էր, որ մոտակայքում ոչ ոք չկար։

Մի խոսքով, կինը նստել էր ու նայում կողքերը։ Փորձեց կանգնել, չկարողացավ։ Ասում եմ․

—Հենվեք ձեռքիս, կանգնեք։

—Ինչպե՞ս հենվեմ։ Թևերիս տակից բռնիր ու հանիր ինձ։

—Բայց մենք էտ դեպքում միասին կընկնենք։ Ես չեմ կարող ձեզ բարձրացնել, մեջքս ցավում է։ Տվեք ձեր ձեռքը, կփորձեմ։

Ու մոտ 60-ամյա ծանր մարմնով կինը կախվել էր բաճկոնիս թևից, ինձ թվում էր, որ այն հիմա կպատռվի։ Շատ չարչարվեցինք․ նա անընդհատ խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պահել իրեն։ Արդեն ուզում էի թողնել ու գնալ, որովհետև հոգնել էի խրատներից ու դժգոհություններից։

Շատ մեծ դժվարությամբ կինը ոտքի կանգնեց, սկսեց թափ տալ իր հագուստը։ Մեկ էլ բացեց բերանը ու շնորհակալության փոխարեն հայտնեց․

—Նայիր, ոտքից գլուխ կեղտոտվեցի։ Ասում էի չէ՝ թևերիս տակիս բարձրացրու։ Մի հատ վերարկուս հետևի մասը թափ տուր, թող մաքրվի։ Որ չմոտենայիր, երևի ավելի հեշտ բարձրանայի։

Ես լուռ շարունակեցի ճանապարհը ու սկսեցի մտածել, որ բարի լինելն էլ մի լավ բան չէ․․․

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS