Պետություն երևույթը վերացնելու շեմին ՔՊ-ն սցենար է մշակել

Կենացմահու խնդրի վերածված Սահմանադրական դատարանի ու դրա նախագահի հարցը շարունակում է օրախնդիր մնալ բարձրագույն ղեկավարության համար: Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել մի նախաձեռնություն, որով իշխանությունները փորձելու են վերջին ճիգերի գործադրմամբ կյանքի կոչել բաղձալի երազանքը. ԱԺ պաշտոնական կայքը հայտնել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին նախաձեռնում են արտահերթ նիստ՝ խորհրդարանում քննարկման առարկա դարձնելու «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը:

Սակայն ավելի ուշ հայտարարությունը հեռացվեց ԱԺ պաշտոնական կայքից, որի փոխարեն հայտարարություն տարածվեց առ այն, որ փետրվարի 6-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայանալու, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր նախորդ որոշումն արտահերթ նիստ գումարելու մասին ճանաչվել է անվավեր։ Միրզոյանը միևնույն ժամանակ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած պատգամավորներին առաջարկել է՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ»-ին:

Ըստ նախատեսվող արտահերթ նիստի օրակարգի՝ առաջարկվում է՝ մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով: Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլև արտահերթ նիստերի ընթացքում:

Իրականում այս ամենը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու և իրականացնելու անթաքույց փորձ: Սահմանադրական բարեփոխումների հարցում ՍԴ-ն շրջանցելն անհնար է գնահատել այլ կերպ, քան դասական հեղաշրջում: Միաժամանակ փաստացի փորձ է արվում նաև ՀՀ նախագահի ինստիտուտն է՛լ ավելի հեղինակազրկել, իսկ նախագահի լիազորություններն էլ ավելի ու ավելի սահմանափակել՝ համապատասխան գործառույթներով օժտելով Ազգային ժողովի նախագահին:

Իմքայլական Վահագն Հովակիմյանի՝ Սահմանադրության գործող կարգավարումների հետ անհաշտ հակասության մեջ մտնող նախագիծն, ըստ էության, կոչված է՝ Հայաստանում վերջնականապես թաղելու ժողովրդավարության մնացուկներն ու բացառել հակակշիռների մեխանիզմը: Իշխանութունները ջանում են Սահմանադրական դատարանին շրջանցելով՝ իրենց համար ցանկալի սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ ՍԴ-ից խլելով սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության ստուգման գործառույթը. խախտվում է, մասնավորապես, Սահմանադրության 168-րդ հոդվածը, համաձայն որի՝ ՍԴ-ն ՍԴ-ի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը, որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Միաժամանակ հակասություն է նկատվում նաև 169-րդ հոդվածի հետ, որով սահմանվում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Ակնհայտորեն փորձ է արվում Սահմանադրական դատարանը փոխարինել Ազգային ժողովով, ինչպես նաև փոխել Սահմանադրությունն՝ առանց հանրաքվե անցկացնելու պայմանի, երբ բավարար կլինեն միայն համապատասխան թվով պատգամավորների քվեները: Հենց այդ ձայներն են վճռորոշ լինելու այն խնդրի վճռման հարցում, թե ինչպիսի Սահմանադրություն կունենա Հայաստանն, ինչն էլ ենթադրում է, որ նույն պատգամավորները իրավասու կլինեն նաև որոշել, թե արժե՞, առհասարակ, պահպանել Սահմանադրական դատարանը, թե՞ ոչ, և Սահմանադրական դատարանի կարծիքն իր իսկ ճակատագրի հարցում այլևս կլինի անէական՝ անէացնելով նաև ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի գնալու-չգնալու չարչրկված հարցի հրատապությունը:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ անգամ հակասահմանադրական դավեր նյութելիս՝ իշխանությունները կրկին անգամ բացահայտել են իրենց ապաշնորհությունը. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կանոններն են խախտվել:

Մասնավորապես՝ արտահերթ նիստ էր հրավիրվել ավելի շուտ, քան դրա իրավունքը կար, այնուհետև որոշում էր ընդունվել նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով այն դեպքում, երբ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, իսկ այդպիսին չի անցկացվել:

Անկախ այն բանից՝ փետրվարի 6-ին արտահերթ կգումարեն, թե՝ մեկ այլ օր, դրանից հարցի էությունն, իհակե, չի փոխվելու, և միամտություն կլինի կարծել, թե նման ապօրինի հնարքներով իշխանությանը կհաջողվի լեգիտիմացնել ՍԴ-ի դեմ իրագործվող բացահայտ հալածանքը: Հայաստանն աշխարհից կղզիացած չէ, ինչն ինքնին պարտադրում է, որ առնվազն այնպիսի գլոբալ հարցեր, ինչպիսիք արծարծվում են իշխանական նախաձեռնության տողատակերում կամ բացահայտորեն, պետք է նախևառաջ արժանանան համապատասխան միջազգային կառույցների դատին:

Ակնհայտ է, որ առանց նույն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության ու կարծիքի, անհնար է լինելու լուծել պրոցեսի նույնիսկ նվազագույն լեգիտիմացման խնդիրը՝ իշխանությունների համար այդ հանգամանքից բխող նաև քաղաքական հետևանքներով: Հայաստանն աշխարհի ծայրին ծվարած մի ինչ-որ ծակուռ չէ, որ որոշ բախտախնդիրներն ինչ ցանկանան՝անեն երկրի հետ:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика