Առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզուն:

Մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում իրենց լեզվին, մինչդեռ բժիշկները վստահ են, որ լեզուն այն օրգաններից է, որը կարող է բավական շատ բան պատմել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Մասնագետների խոսքով՝ լեզվի գույնը կարող է հուշել մի շարք խանգարումների կամ հավանական հիվանդությունների մասին՝ օգնելով ժամանակին նկատել դրանք: «Рамблер» պորտալը ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մարդու լեզուն:

Առողջ մարդու լեզուն լինում է վառ վարդագույն և ունենում է բաց վարդագույն եզրագիծ: Կոկորդին մոտ հատվածում լեզվի գույնը կարող է ավելի մուգ լինել, ինչը կախված է օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից: Լեզվին առաջացած փառը նույնպես կարող է փոխել գույնը՝ կախված ընդունած սննդից, դեղորայքից, ըմպելիքներից կամ ծխախոտից, ուստի առողջական վիճակի մասին պատկերացում կազմելու համար լեզուն հարկավոր է զննել որևէ բան ուտելուց, խմելուց, ընդունելուց կամ առհասարակ որևէ ներգործությունից առնվազն մեկ ժամ անց:Լեզվի սպիտակ գույնը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում սնկային վարակի առկայությամբ: Նման գույնի պատճառ կարող են հանդիսանալ կաթնասնկախտը, գրիպն ու շնչառական համակարգի սուր վարակիչ հիվանդությունները: Բացի այդ, սպիտակ փառը կարող է պայմանավորված լինել նաև աղեստամոքսային տրակտի լուրջ հիվանդություններով, ինչպիսին են գաստրիտն ու խոցը:

Լեզվի դեղին գույնը հուշում է լեղապարկի հիվանդությունների մասին: Նման փառը բնորոշ է այնպիսի հիվանդություններին, ինչպիսին են ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումը, հեպատիտը, գաստրիտն ու լյարդի հիվանդությունները: Դեղին փառի առաջացման ոչ այդքան լուրջ պատճառների շարքին են դասվում բակտերիալ կամ սնկային վարակները: Բացի այդ, լեզվի նման գույնը հաճախ հանդիպում է ծխախոտի չարաշահման դեպքում, ուստի այս հանգամանքը նույնպես հարկավոր է հաշվի առնել:

Որոշ դեպքերում լեզուն կարող է ստանալ մուգ, գրեթե սև երանգ: Սա պայմանավորված է ացիդոզով, որը օրգանիզմի ջրազրկումն է՝ պայմանավորված ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներով:
Լեզվի կարմիր գույնը բնորոշ է մրսածությանը, դողէրոցքին և բարձր ջերմությամբ ուղեկցվող այլ հիվանդություններով: Այս դեպքում բորբոքումները կարող են տեղ գտնել ինչպես թոքերում, այնպես էլ աղեստամոքսային տրակտում: Վառ կարմիր երանգը կարող է վկայել նաև արյան հիվանդությունների և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ առողջական խնդիրների մասին կարող է հուշել ոչ միայն լեզվի գույնի փոփոխությունը, այլև օրգանի հյուսվածքների փոփոխությունը, համային գգացողությունների փոփոխությունն ու լեզվի ձևի փոփոխությունը: Հարկ է հիշել, որ ցանկացած արտասովոր խնդրի կամ տհաճ զգացողության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին: Նման դեպքերում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ մինչ որևէ քայլ ձեռնարկելը հարկավոր է անպայման հստակ ախտորոշել հիվանդությունը, ինչը կարելի է անել միայն մասնագետի օգնությամբ անհրաժեշտ բուժզննումից հետո:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика