Չեմ ուզում տղաս մեծանա ու ինձ մեղադրի Քրիստինե Պեպելյան նոր հարցազրույցը ակումբային համերգից առաջ

Չեմ ուզում տղաս մեծանա ու ինձ մեղադրի, չեմ ուզում իր փոխարեն որոշումներ կայացնել։ Քրիստինե Պեպելյանն աշխատանքային նորություններով լի տարի է խոստանում իր երկրպագուներին: BRAVO.am-ը երգչուհու հետ ամփոփել է նախորդ տարին՝ խոսելով սպասվելիք նորությունների մասին, եւ ոչ միայն:

«Ընտանիքս առողջ է, ընկերներս կողքիս են, աշխատանքային դադար չի եղել, էլ ի՞նչ է պետք տարին բարեհաջող բնորոշելու համար: Ակտիվ էի բոլոր բնագավառներում. Կոնսերվատորիայի իմ աշխատանքից գրեթե մի օր չեմ բացակայել, նոր երգեր եմ ձայնագրել, երկու տեսահոլովակ եմ ներակայացրել, համերգների եմ մասնակցել: Մի խոսքով՝ ամեն ինչ արել եմ բացի հանգստանալուց, ու հիմա հասկանում եմ, որ գերհոգնածություն է սկսվում, անհապաղ հանգստի մեկնել է պետք»,- ասել է նա:

Այս տարին էլ երգչուհին աշխատանքային նորություններով է սկսում. «Փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգսի օրը, ակումբային համերգով կներկայանամ իմ հանդիսատեսին: Ծրագրի մեծ մասն արդեն պատրաստ է, ակտիվ փորձեր ենք անում, որ կարողանանք գեղեցիկ ներկայանալ հյուրերին: Կապ չունի համերգասրահի մեծությունը. եթե նույնիսկ հինգ հոգանոց սրահ լինի, ես նույն կերպ եմ նախապատրաստվում, փորձում եմ հնարավորինս լավ աշխատել՝ գոհացնող արդյունքի հասնելու համար:

Այդ օրն էլ իմ նվագախմբի հետ եմ ելույթ ունենալու, ովքեր նույնպես ջանք չենք խնայում գեղեցիկ օր պարգեւելու համար: Երգացանկի ընտրությունն ամենաբարդ գործընթացն է, բենդի անդամներն ուրիշ երգեր են առաջարկում, ես՝ ուրիշ, մեկն ասում է՝ այս երգն է սիրում, մյուսը՝ մեկ այլ երգի է նախապատվություն տալիս, ու սկսվում է «կռիվը»: Համերգը մոտ երկու ժամ է տեւելու, հին ու սիրված երգերից բացի պրեմիերաներ էլ են սպասվում: Այնպես որ, հաճելի երեկոն երաշխավորված է»: Նա այս տարի մեծ մենահամերգով ներկայանալու մտադրություն ունի.«Դեռ ոչ մի բան հստակեցված չէ, բայց եթե ամեն ինչ մեր ծրագրածով գնա, տարեվերջին դարձյալ կհանդիպենք»:

Երգչուհու նոր՝ «Դու կաս» երգը նվիրված է երեխաներին. «Այն ես՝ իմ, վստահ եմ, բոլոր լսողներն էլ իրենց երեխաներին են նվիրելու: Անպայման տեսահոլովակ կունենա, այժմ սյուժեի շուրջ քննարկումներն են: Կարծիք կա, որ հերոսը տղաս լինի, ինչին ես մի փոքր դեմ եմ: Չեմ ցանկանում շատ խոսել ու հատկապես, տարածել նրա լուսանկարները: Չեմ ուզում՝ երբ մեծանա, ինձ մեղադրի իրեն հանրային կյանք մտցնելու մեջ: Թող ինքն ընտրի իր կյանքի ուղին. չեմ ուզում իր փոխարեն որոշումներ կայացնել»:

Տարեմուտը Քրիստինեի համար տարբերվող է եղել.«Առաջին տարին էր, որ վերարկուս հագիս, պայուսակս ուսիս, շամպայնի բաժակն էլ ձեռքիս չէի շտապում շնորհավորել տնեցիներին ու վազել աշխատանքի:): Տանն եմ եղել ու ընտանիքիս հետ գեղեցիկ օր անցկացրել: Արեգը քնած էր, շատ ակտիվ երեխա է, ու բոլորս էլ հոգնած էինք, շատ կամաց էինք միմյանց շնորհավորում ու բարեմաղթանքներ հղում, որ նա հանկարծ չարթնանա:

Մեծ ու գեղեցիկ տոնածառ էինք դրել, որ մի լավ տանջվենք, անդադար հետեւում էինք, որ շուռ չտա ու մի փորձանքի չգա: Ձմեռ պապից այս անգամ հաջողվեց խուսափել, բայց մյուս տարի արդեն պետք է նամակ գրենք ու նվերների սպասենք»,- եզրափակել է նա:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE