Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները տվյալներ ունեն՝ դատավորներին տրվող պատվերների եղանակների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հայտարարել է, որ դատավորներին պատվերներ են իջեցվում՝ որոշումների վերաբերյալ եւ միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում։

Հիշեցնենք, որ երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը՝ Ռ.Քոչարյանին կալանավորման ժամկետը երկարացնելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Փաստաբանի գնահատմամբ՝ դատարանում երեկվա տեղի ունեցածն իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում է իրենից ներկայացնում։ «Շատ կոպիտ ձևով վերաքննիչ դատարանը խախտեց քրեական օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա մենք հիմնվում էինք», — լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է փաստաբանը։

Ըստ նրա՝ իրենց պաշտպանական խմբի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկն առանձին վերցրած բավարար էր, որ երեկ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։

«Ինչպես ասաց պարոն Քոչարյանը դեռ դատավարության ժամանակ, մենք, իհարկե, չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է հերոս լինի, այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում», — ասաց Հայկ Ալումյանը եւ հայտարարեց, որ տարբեր աղբյուրներից ստույգ տեղեկություններ են սկսել ստանալ, թե ում միջոցով և ինչ եղանակներով են պատվերները հասնում դատավորին։

«Կգա դրա ժամանակը և կներկայացվեն անուններ՝ անուն առ անուն։ Այնպես չէ, որ այս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, և զսպանակն ինչքան սեղմվի, այնքան ավելի ուժեղ է հետ բացվելու», — ասաց Հայկ Ալումյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԻՆՖՈ ՊՈՐՏԱԼ
Яндекс.Метрика