Ֆինանսական հոսքը 0 է.Գրիգոր Դանիելյանը իր աշխատակիցներին վճարելու տարբերակ փնտրելու և կարանտինի ժամանակ ընտանեկան առօրյայի մասին

Դերասան Գրիգոր Դանիելյանը մեկուսացման այս օրերին հիմնականում տանն է լինում,դուրս է գալիս ըստ անհրաժեշտության, գնում է միայն «Հարս չկա» սիթքոմի նկարահանումներին և խանութ։Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկուսացման այս օրերն օգտագործում է առաջիկա նախագծերի սցենարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։Ամբողջ աշխարհում ստեղծված այս իրավիճակը նաև ֆինանսական խնդիրներ է ստեղծում, Գրիգորի եկամուտի աղբյուրներն էլ կրճատվել են։

«Այս էտապում ֆինանսական հարվածը բավականին մեծ էր, մի շարք կորպորատիվներ հետաձգվեցին, որոնք եկամուտի մեծ աղբյուր են, սակայն ես չեմ նեղվում, հասկանում եմ, որ շատերն այսօր հացի խնդիր ունեն։ Փառք Աստծո մենք այդ խնդիրը չունենք նույնիսկ փորձում ենք այլ մարդկանց օգնել։ Փորձում ենք չընկճվել ու պահել կարանտինը, որպեսզի տարածման շղթան կոտրվի»,- ասաց դերասանը։Գրիգորը տանն ունի բոլոր հարմարություններն իրեն լավ զգալու համար։ «Աշխատասենյակ ունեմ, որտեղ սցենարական աշխատանք եմ անում, կարդում եմ։ Հռիփսիմեի հետ ֆիլմեր ենք դիտում, ապահովում տնային ժամանցը, տնից դուրս ենք գալիս խիստ անհրաժեշտության դեպքում։ Բոլորս էլ ունենք որոշակի տագնապ, որը մեր ավագ սերնդի հետ է կապված։ Մենք իրավունք չունենք չպահպանել արտակարգ դրության կանոնները, որովհետև պարտավոր ենք մտածել դիմացինի մասին. եթե մենք կհաղթահարենք այս վիրուսը, դիմացինը կարող է չհաղթահարել»,- ասաց նա։

Անդրադառնալով կարանտինի ընթացքում ընտանեկան առօրյային՝ դերասանը նշեց, որ երեխաները չեն դժգոհում տանը մնալուց. փոքրիկ Ռոբերտոն դուրս գալու պահանջներ չի ներկայացնում, քանի որ սովոր է տանը լինել, Ալբերտոն զբաղված է հեռավար դասերով, բացի այդ հետաքրքրված է խաղեր ստեղծելով։«Իր մոտ բավականին լավ է ստացվում։ Ամեն ինչի մեջ խորանալու տեսանկյունից ինձ է քաշել, ծրագիրը «կրծել» է ու նոր խաղ ստեղծել, հիմա փորձում է կատարելագործել։ Բացի այդ, մենք մեծ պատշգամբ ունենք, եթե լավ եղանակ է, երեխաներն այնտեղ խաղում են,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ այս փուլը շատ ընտանիքների համար փորձություն է, քանի որ, անընդհատ տանը մնալով, ավելի հաճախ են վիճում, արձագանքեց,- մենք հակառակը՝ ավելի ենք կապվել իրար հետ։ Կրանտինից հետո շատ դժվար կլինի, որ գնանք գործի ու, օրինակ, երեխան չլացի մեր հետևից»։

Նրա և կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի «Տրիո ստուդիոն» դադարեցրել է աշխատանքները, քանի որ իրենց դեպքում հեռավար ուսուցումն արդյունավետ տարբերակ չէ։ Այս դեպքում դերասանը նաև գործատու է։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կարգավորել աշխատակիցներին ֆինանսական աջակցության հարցը հարկադիր պարապուրդլի ընթացքում։«Հիմա հաշվապահի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել։ Ֆինանսական հոսքը 0 է։ Բնականաբար, երեխաները չեն վճարելու չեկած պարապմունքների համար։ Եթե այլ դեպքում կարող էի կորպորատիվ վարել, եկամուտը ներդնել ստուդիայում, հիմա դա էլ չեմ կարող անել, որովհետև չունեմ եկամուտի այլ աղբյուր։ Փորձում եմ հասկանալ պետությունն ինչ աջակցություններ է ցուցաբերում, որքանով կարող ենք ապահովել մեր աշխատակիցներին։ Այս պահին բոլորն արձակուրդի մեջ են։ Տեսնենք՝ ինչ կլինի։ Առհասարակ, փորձում ենք լավ նայել մեր աշխատակիցներին»,- ասաց Գրիգորը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS